Sunday, 03 07 2022
00:00
Բայդենը նամակ ուղարկել Կոնգրես՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ
Թուրքիան փորձարկել է նոր Bayraktar
23:30
«Չպետք է խրախուսենք Էրդողանի կողմից Մարդու իրավունքների խախտումները»․ Փալոն
Շաբաթօրյակ՝ Կենտրոն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 11 տարածք
Կասեցվել է ապօրինի շինարարությունը
22:45
Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի նախագահական մեդալով
22:30
Ռուսական կործանիչները խոցում են ուկրաինական թիրախները
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տանում եւ դուրս գալիս եզրափակիչ
22:15
Մահացել է Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի կերպարները ստեղծողը
Եթե Մինսկի խումբ չլիներ, ԱՄՆ-ը նոր համանախագահ չէր նշանակի․ Արցախում լիահույս են՝ ձևաչափը ուկրաինական ճգնաժամից հետո կգործի
Ստարտափ․ ի՞նչ է այն և ինչպե՞ս սկսել
Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ
Քոչարյանն ու մյուսները մտածում էին` հեսա Ֆրանսիայի հրապարակը հաղթելու է, հիմա չգիտեն էլ ինչի վրա հույս դնեն
Տիկնիկային թատրոնը երեք նոր ներկայացում կբեմադրի, որից մեկը «Հարի Փոթերն» է. Ռուբեն Բաբայան
Հասել ենք նրան, որ գոնե գիտությունը չմեռնի․ իրավիճակ է փոխվել
Բանակում ու ռազմական ոլորտում կոռուպցիան պետք է հավասարեցվի դավաճանության հետ
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ
Դադարեցվել է Գյումրի քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը
Տեղի է ունեցել «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք ունես» խորագիրը կրող սթրիթ արտի բացումը
Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը
19:45
Ռուս հրաձիգները տանկերից կրակում են ուկրաինական դիրքերի ուղղությամբ
19:30
Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար
19:15
Թեհրանը ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Աբդոլլահիան
19:00
Ռուսլան Գրինբերգը խոսել է Գորբաչովի առողջական վիճակի մասին
Ուղիղ 2 տարի առաջ էր, այս մասին խոսեցինք, այսօր արդեն այն իրականություն է. Ռոմանոս Պետրոսյան
18:30
Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ
Վարչապետի և արտախորհրդարանական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
Ամենածանրը Ռուսաստանի հետ աշխատանքն է, պետք է գործել
Ափսոս, որ ուկրաինացիները պարզապես կերան բորշչը. Զախարովա
«Դավիթ Տոնոյանը լուրջ հարց է բարձրացնում պաշտպանության նախարարի դերի հետ կապված»

Փուլային, փաթեթային, Քի Ուեսթ, Մադրիդյան սկզբունքներ… ոչ մեկի ներքո Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում չի դիտարկվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան,միջազգայնագետ  Արմեն Խարազյանը (ԱՄՆ, Վաշինգտոն):

-Խորհրդարանի վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև իր ձևակերպմամբ՝ նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։ Իր պնդումն ապացուցելու համար Փաշինյանը դրվագներ էր ներկայացնում Քոչարյանի և Սարգսյանի օրոք բանակցված փաստաթղթերից։ Օրինակ, ըստ 1998-ի «Ընդհանուր պետության» առաջարկի, Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում էր մնալու, իսկ ղարաբաղցիները պետք է ունենային Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով։ Պարոն Խարազյան, քաջածանոթ լինելով բանակցային պրոցեսին, ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ։

-Հայտարարությունն ապակողմնորոշող է։ Անկախ Հայաստանում, ներկա վարչակազմին նախորդած ոչ մի վարչակազմ Արցախն Ադրբեջանի մաս երբևէ չի ճանաչել։ Ընդհակառակն, բանակցությունների նպատակն է եղել ապահովել կարգավորման այնպիսի լուծում, որն առավելագույնս կհամապատասխաներ սեփական ինքնորոշման հարցում Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտմանն ու արցախյան շարժման տրամաբանությանը` միաժամանակ անելով այնպես, որ ձևավորվող լուծումը ճանաչվեր նաև միջազգային հանրության կողմից։ Ավելի պարզ՝ գերնպատակն Արցախի անկախությունն է եղել, և Ադրբեջանի կազմում Արցախի ներառման անընդունելիությունը։ Միջազգային հանրության համար այդ նպատակին համապատասխան բանակցային հիմք գտնելու ենթատեքստում է, որ Հայաստանը բանակցել է փուլային ու փաթեթային տարբերակների շուրջ, դիտարկել ռուսների կողմից առաջարկված այսպես կոչված «ընդհանուր պետության» տարբերակը, քննարկել Մադրիդյան սկզբունքներն ու ածանցյալ այլ տարբերակներ։

Փուլային տարբերակում, օրինակ, («Համաձայնագիր զինված հակամարտության դադարեցման մասին») Արցախի կարգավիճակի մասին դրույթը հետևյալն էր․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կմշակվի երկուստեք ընդունելի փոխզիջման հիման վրա և կորոշվի ԵԱՀԿ Մինսկի Խորհրդաժողովում»։ Սա փաստաթղթի հիմնական տեքստի 12-րդ կետն է, որի շուրջ կողմերը բանակցել ու տեքստային ձևակերպման առումով հասել էին կոնսենսուսի։ Միաժամանակ, Մինսկի խմբում կար չգրված կանոն․ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Ուստի, քանի որ համաձայնագրի հիմնական տեքստում ու դրա հավելվածներում դեռևս չհամաձայնեցված զգալի բովանդակություն կար, ապա համաձայնեցված մասերի շուրջ «կոնսենսուսը» պայմանական, տեխնիկական բնույթ ուներ ու կարող էր փոփոխվել։ Բացի նշված 12-րդ կետից, այս 20-21 էջանոց համաձայնագրում որևէ այլ հղում Արցախի ապագա  կարգավիճակին, առավել ևս Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, չի եղել։ Պետք է նշել սակայն, որ փուլային տարբերակի կիզակետն Արցախի անվտանգությունն էր, ոչ թե կարգավիճակը։ Տրամաբանությունն այն էր, որ կարգավիճակի խնդրում կողմերն ավելի դիրքայնացված մոտեցումներ ունեն, ուստի եթե այն լինի մեկնակետ, ապա կարգավորումը կմտնի փակուղի։ Փուլայինի իմաստն անվտանգության խնդրի ապահովումն էր, ինչն ըստ այդ մեթոդաբանության կնպաստեր կարգավիճակի հարցում ավելի փոխզիջումային արդյունքի ձեռքբերմանը։ Հետևաբար, զարմանալի չէ, որ փուլային տարբերակում կարգավիճակին հատկացված էր ընդամենը մեկ պարբերություն՝ սակայն այնպիսի ձևակերպմամբ, որը կողմերից յուրաքանչյուրը կարող էր յուրովի մեկնաբանել։

Փաթեթային տարբերակում («Համապարփակ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ») Արցախի կարգավիճակին հատկացված էր 16 կետ՝ փաթեթի «Համաձայնագիր II-Կարգավիճակ» բաժնում։ Կար նաև Համաձայնագիր I («Զինված հակամարտության դադարեցում»), որը 14 կետից էր բաղկացած, և ուներ երկու հավելված, որոնցից մեկը վերաբերում էր փոխադարձ ետքաշումներին ու տեղահանվածների վերադարձին, մյուսը՝ անցումային անվտանգության միջոցառումներին։

Փաթեթային տարբերակում առաջարկվում էր, որ Արցախը ճանաչվի իբրև «պետական ու տարածքային միավոր», որի «կարգավիճակը կսահմանվի [թվարկվող մի շարք] չափանիշներով» (ուշադրություն դարձրեք ձևակերպման ոչ-կատեգորիկ բնույթին)․ Արցախը կլինի «Ադրբեջանի կազմում», «նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով», որի ինքնորոշման իրավունքը կամրագրվի «Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև համաձայնագրով, որը կվավերացվի Մինսկի Խորհրդաժողովի կողմից, և կներառվի Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանադրություններում»։ Այս առաջին հայացքից անբարենպաստ ձևակերպմանը զուգընթաց, Արցախի կարգավիճակի մասին համաձայնագիրը ճանաչում էր նաև Արցախի կարգավիճակի և դրա «հիմնարար էթնիկական ու մշակութային բնույթի» միջազգային սուբյեկտայնությունն ու դրանց նկատմամբ Հայաստանի շահառությունը, և այն, որ դրանք «չեն կարող փոփոխվել Ադրբեջանի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միակողմանի գործողություններով։

Ըստ այս փաստաթղթի, Արցախն ունենում էր Արցախի ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված սեփական սահմանադրություն, օրենսդրություն, դրոշ, զինանշան և օրհներգ։ Ադրբեջանի օրենքներն ու իրավակարգավորիչ ակտերն Արցախում գործում էին այնքանով, որքանով դրանք չէին հակասում վերջինիս օրենքներին ու իրավակարգավորիչ ակտերին։  Արցախն ինքնուրույն ձևավորում էր սեփական օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններ։

Արցախն ունենում էր օտար երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ ուղիղ արտաքին հարաբերություններ ստեղծելու իրավունք՝ տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի, ու մարդասիրական ոլորտներում, ընդ որում ներկայացուցչություններ ունենալու իրավունք։ Արցախի քաղաքացիներն ունենում էին Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ մակագրությամբ, և Հայաստանի օրենսդրության ներքո չէին համարվում օտարերկրացի (այս դրույթը մշակվել էր Իռլանդիայի մասին Միացյալ Թագավորության 1948 թ․ Օրենքի և Վերադարձի մասին Իսրայելի Օրենքի դրույթների հիման վրա)։ Արցախը հռչակվում էր ազատ տնտեսական գոտի՝ արտարժույթների ազատ շրջանառությամբ։ Արցախի բյուջեն կազմվում էր սեփական ռեսուրսների հաշվին։

Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերն ու ոստիկանությունն իրավունք չէին ունենում մտնել Արցախի տարածք առանց Արցախի իշխանությունների թույլտվության։ Արցախը լինում էր բազմա-էթնիկական, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք էր ունենում պաշտոնական ու ոչ-պաշտոնական գրագրություն վարել սեփական մայրենի լեզվով։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հանդիսանում էր այդ համաձայնագրի երաշխավոր։

Ինչպես տեսնում եք, վերը ներկայացված փաթեթային տարբերակում Արցախի կարգավիճակին հատկացված դրույթները թույլ չեն տալիս միանշանակ եզրակացնել՝ արդյո՞ք առաջարկն իր ամբողջության մեջ ավելի նպաստավոր էր հայկական կողմերի, թե՞ Ադրբեջանի համար։ Այն իրականում ինտեգրացված, սակայն ոչ-կատեգորիկ շրջանակ էր ստեղծում կարգավիճակի փոխընդունելի բանաձև սահմանելու համար՝ արտաքուստ պահելով Ադրբեջանի ամբողջականությունը, սակայն բովանդակային առումով ստեղծելով միանգամայն անկախ, Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ բարձր աստիճանի ինտեգրման մեջ գտնվող Արցախ։ Ուստի, սրա մասին պարզունակ, միակողմանի դատողություններն ապակողմնորոշող են, ու որոշ առումով մանիպուլյատիվ, եթե դրանց նպատակն ուրիշներին մատնացույց անելն է՝ հարդարացում սեփական բացթողումների։

Վերջապես, «ընդհանուր պետության» տարբերակը, որն առաջարկվել է ռուսների կողմից 1998 թ․ մայիսի 16-ին, Պրիմակով-Օսկանյան հանդիպմանը, որին ես ևս ներկա եմ եղել, նախատեսում էր ստորագրել հակամարտության կարգավորման մասին փաթեթային համաձայնություն և ապահովել դրա փուլային իրականացումը։ Ընդսմին, առաջարկվում էր վերը ներկայացված փաթեթային համաձայնության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու Արցախի առավելագույն ինքնակառավարմանը վերաբերող դրույթները փոխարինել հետևյալով․ «Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն իրենց հարաբերությունները կառուցում են ընդհանուր պետության շրջանակում (կամ ընդհանուր պետության սահմաններում); փաթեթային համաձայնագիրն իր մնացած տեսքով ընդունվում է իբրև բանակցային հիմք,  և Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն մասնակցում է կարգավորման ողջ գործընթացին, ներառյալ կարգավիճակի որոշումը»։ Այդ մոտեցման հիման վրա, 1998 թ․ աշնանը տարածաշրջան իր այցի ընթացքում Պրիմակովը կողմերին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների վերաբերյալ» համաձայնագրի նախագիծ, որն էլ դարձավ «ընդհանուր պետության» առաջարկի ֆորմալ փաստաթուղթ։

Ինչպես տեսնում եք, այս առաջարկը ևս միանշանակ մեկնաբանության չի ենթարկվում՝ այնտեղ կան բարենպաստ և անբարենպաստ դրույթներ, թեև այն շահեկանորեն տարբերվում է փաթեթային տարբերակից, քանի որ ուղղում է Ադրբեջանի ու Արցախի հարաբերություններում վերջինիս մեջ տեղ գտած որոշակի ուղղահայացությունն ու հորիզոնականացնում է այն։ Ուստի, այս տարբերակի մասին իրականությունը ևս չի համապատասխանում ձեր հարցում նշված հայտարարության ենթադրություններին։

Փուլային, փաթեթային ու «ընդհանուր պետության» տարբերակներից զատ, ինչպես հայտնի է, եղել են Քի Ուեսթի բանակցություններն ու Մադրիդյան սկզբունքները, որոնցից և ոչ մեկի ներքո Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում չի դիտարկվել։ Քի Ուեսթն ընդհանրապես այլ մեթոդաբանություն ուներ։ Դրա հիմնական խնդրահարույց պահը ոչ թե Արցախի կարգավիճակն էր, այլ այդ կարգավիճակի հայանպաստ լուծման դիմաց Հայաստանից ակնկալվող այլ կարգի զիջումները։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանք ըստ իս եղել են Արցախյան հակամարտության կարգավորման խնդրում միջազգային հանրության աջակցությունն ունեցող առավել բարենպաստ տարբերակը։ Դրանք մեկտեղ են ամփոփել փուլային ու փաթեթային տարբերակների հիմնական դրույթները, սակայն Արցախի կարգավիճակի համար դրանցով նախատեսվել է հանրաքվե (պլեբիսցիտ, ի տարբերություն ռեֆերենդումի), ինչը մեկ քայլ առաջ է կարգավիճակի հարցում փուլայինի անորոշությունից, փաթեթայինի ուղղահայաց հարաբերակցությունից, և «ընդհանուր պետության» տարբերակով առաջարկվող համադաշնությունից (կոնֆեդերացիա)։

Այս ամենով հանդերձ, պետք է ընդգծեմ, որ նշված տարբերակներից ոչ մեկը երբևէ Հայաստանի, Արցախի, կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից չի «ընդունվել», «ստորագրվել», կամ «հաստատվել», այլ պարզապես ընկալվել է իբրև բանակցությունների հիմք։ Դրանց որոշ դրույթների շուրջ մենք ունեցել ենք ընդհանուր եզրեր, որոշ այլ դրույթների շուրջ՝ լուրջ, սկզբունքային տարաձայնություններ, որոնք ձգտել ենք փոփոխել ու վերաբանակցել։ Ինչպես ասացի վերևում, Մինսկի Խմբի չգրված օրենքներից մեկն էր «ոչինչ համաձայնեցված չէ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի» սկզբունքը։ Անցած բանակցություններն ու դրանցում շրջանառված փաստաթղթերը հենց այս լույսի տակ պետք է մեկնաբանվեն, այլ ոչ կոնտեքստից դուրս կամ փաստերի մասնակի, կողմնակալ ներկայացմամբ։

Բոլոր նշված տեքստերը կան, թեև անձամբ ես առավել լիարժեքորեն տիրապետում եմ փուլային, փաթեթային ու «ընդհանուր պետության» փաստաթղթերին, քանի որ դրանց շուրջ բանակցություններում ունեցել եմ անմիջական ներգրավում։ Քի Ուեսթի ու Մադրիդյան սկզբունքների, ինչպես նաև Մադրիդյանից ածանցյալ այլ փաստաթղթերի մասին առավել բովանդակալից գիտելիք կարող է լինել 2000 թվականից հետո բանակցություններին անմիջականորեն մասնակցած դիվանագետների մոտ։ Հայաստանի ներկա ղեկավարությունը ցանկության դեպքում կարող է այդ բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ինչը կնպաստի երկրի դիվանագիտական կարողության ամրապնդմանը։ Ինքս պատրաստ եմ այդ հարցում կիսվել գիտեցածիս առավելագույն չափով։

 Եթե դիտարկենք բանակցային ողջ պրոցեսը, ապա համառոտ ստացվում է մոտավորապես հետևյալ պատկերը 1998-ին Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի դիտարկում է տարբերակ, ըստ որի  Ընդհանուր պետության տարբերակով Արցախը  ճանաչվում է Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս»։ Այնուհետ Մեղրիի տարբերակով փոխանակման հարց է ի հայտ գալիս, բայց այս տարբերակը կյանքի չի կոչվում հայտնի իրադարձության պատճառով։ 2007 թվականին՝ նորից Քոչարյանի նախագահության օրոք  ի հայտ են գալիս հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնք ևս տարբեր պատճառներով կյանքի չեն կոչվում։ Այս ամենը դիտարկելով՝ արդյոք նախկին իշխանությունները ունեն հիմքեր ներկաներին մեղադրելու պատերազմում նման կորուստներ ունենալու մեջ։ Փաստորեն, երբ Հայաստանն ամենահզոր վիճակում էր՝ առաջին պատերազմից հետո, բանակցվել են տարբերակներ, որոնք Հայաստանը թուլացրել ու հանգեցրել են պատերազմի։ Հիմա, երբ անցած 2 տասնամյակների  բանակցային գաղտնիքներն աստիճանաբար սկսում են բացահայտվել, արդյոք սա չի պատճառը, որ ընդդիմությունը նախաձեռնում է ռևանշի ու իշխանության զավթման նոր փորձեր, որպեսզի կանխվի ճշմարտության բացահայտումը։

 -Նախկին ու ներկա իշխանությունները, միմյանց մեղադրելու փոխարեն, պետք է ազգային անվտանգության հարցերում աշխատեն միասին, այլ ոչ իրար դեմ։ Արցախյան վերջին պատերազմում պարտության համար անմիջական պատասխանատուն Հայաստանի ներկա իշխանությունն է, սակայն դա չի նշանակում, որ մեր նախկին բոլոր վարչակազմերը հավասարաչափ պատասխանատվություն չեն կրում երկրի ազգային անվտանգության քաղաքականության ձախողման, տնտեսական անմրցունակության, տեխնոլոգիական անբավարար մակարդակի, ռազմական շինարարության ու շտաբային պլանավորման սաղմնային վիճակի, հրամանատարա-վերահսկողական ու ենթակառուցվածքային կարողությունների անլիարժեքության համար։ Սրանք երկու-երեք տարվա խնդիրներ չեն՝ կուտակվել են անցած երեք տասնամյակի ընթացքում և արագ լուծում չունեն։ Արցախյան պատերազմում մեր ձախողման պատճառը դիվանագիտությունը չէր, այլ վերը նշված ռազմավարական խնդիրներն ու դրանց համակարգային բնույթը։ Ուստի, սեփական ձախողումները քողարկելու համար միմյանց մատնացույց անելով մենք խորացնում, ոչ թե դյուրացնում ենք մեր խնդիրը։ Մյուս կողմից, Արցախյան հակամարտության կարգավորման՝ անցած երեք տասնամյակի դիվանագիտական փորձն ու գիտելիքը անհրաժեշտ է մեկտեղ բերել ու ծառայեցնել Հայաստանի ազգային խնդիրների լուծմանը՝ դրանք զերծ պահելով ներքին քաղաքական գործընթացներում շահարկումից։

 -Ընդհանրապես երբ խոսում ենք այս պատերազմում մեր կրած պարտությունից ու ստեղծված իրավիճակից, ինչքանո՞վ են մոտ իրականությանը այն պնդումները, որ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո մենք ավելի շահեկան վիճակում կլինեինք, եթե համաձայնության գայինք և որ դա տապալվեց «Սասնա ծռերի» հայտնի գործողություններով։

-Իմ կարծիքով, 2016 թ․ բախումներից հետո Հայաստանն ու Արցախը պետք է լուրջ եզրակացություններ անեին ակնկալվող նոր պատերազմի սպառնալիքի մասին, ու ինտենսիվ կերպով պատրաստվեին դրան՝ մոբիլիզացնելով երկրի զարգացման ողջ ներուժը՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, հետախուզական։ Սեփական պաշտպանունակության ամրապնդմանը զուգահեռ՝ Հայաստանն ու Արցախը կարող էին համարժեք ուժի և ինքնավստահության բավարար ռեսուրսով նպաստել բանակցությունների վերսկսմանը, որոնց շրջանակում, թերևս հնարավոր կլիներ ստեղծել արժանապատիվ կարգավորման հեռանկար։ Սակայն առանց այդ միջոցառումների բանակցության գնալը կոպիտ սխալ կլիներ, ու չէր բերի որևէ բարենպաստ արդյունքի։ Թույլ վիճակում չեն բանակցում, այլ ժամանակ են շահում՝ ինտենսիվ կերպով զարգանալու և հակառակորդի նկատմամբ մրցունակություն ձեռք բերելու համար։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունն այս մասին մեր ու այլոց կողմից ներկայացված բազմաթիվ մտահոգություններն անտեսել է։ Թեև այսօր դրանց նկատմամբ ավելի մեծ ընկալունակություն կա, սակայն դա խիստ անբավարար է՝ հաշվի առնելով մեր երկրի առջև կանգնած խնդիրները։

 -Այսօր Հայաստանի ղեկավարը  պնդում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում այսուհետ պետք է դրվեն արցախահայերի անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը և միևնույն ժամանակ նշում, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա։ Եթե չկան երաշխիքներ  պրոցեսը ձախողելն էլ ավելի վատ հետևանքներ չի՞ ունենա։

-Արցախյան կարգավորման հիմքում պետք է լինեն կյանքի, ազատության ու սեփական երջանկությանը սեփական ուժերով հետամուտ լինելու՝ Արցախի ժողովրդի բնական ձգտումն ու անօտարելի, աստվածատուր իրավունքը։ Այդ իրավունքի իրականացման նպատակով Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության բնատուր, անօտարելի իրավունք ևս։ Հայաստանը այս իրավունքների հարցում հավասար շահառու է, և պետք է Արցախի հետ մեկտեղ հետամուտ լինի դրանց՝ ի նպաստ Արցախի ժողովրդի՝ սեփական տարածքում ազատ ապրելու մասին ազատ կամարտահայտմամբ որոշված նպատակի։ Այդ նպատակին հասնելու, և դրան տեր կանգնելու առաջնահերթ երաշխիքը մեր հայկական հավաքական ոգին է և պաշտպանունակությունը՝ հենված արդիական տեխնոլոգիաների, եկամտաբեր տնտեսության, արդյունավետ պետական կառավարման և իրավունքին ու ժողովրդավարությանը նվիրված հասարակության վրա։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք վերականգնել կորցրածն ու վերագտնել տարածաշրջանում ու աշխարհում մեր ազգային արժանապատիվ դիրքը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում