Կոչումները ավելորդ երևույթ են․ ԿԳՄՍՆ-ի որոշումը կիսատ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Բաբայանը կարծում է, որ ընդհանրապես պետք է վերացնել բոլոր կոչումները նաև այլ ոլորտներում․ «Կոչումների հետվերադարձը լավ փչացրեց մթնոլորտը․ մարդիկ տարբեր ճանապարհներով սկսեցին հասնել կոչումների: Պետության վերաբերմունքը արվեստագետի նկատմամբ պետք է արտահայտվի սոցիալական պաշտպանվածության տեսակետից: Երբ վերանա կոչումների փուչիկ ինստիտուտը, կսկսենք զբաղվել լուրջ գործով: Եթե ինձ պետք է ճանաչեն կոչումով, ավելի լավ է չճանաչեն: Կոչում տվողներն էլ են անլուրջ վերաբերվել այդ ինստիտուտին, դրանով է պայմանավորված մասսայականությունը: Պետք է մեզ հեռու պահենք նման էժանագին դասակարգումներից»:
Մտավորականի խոսքով՝ կոչումը գայթակղելու, խաբելու,սեփական դաշտը տեղափոխելու միջոց է․ դա փչացնող է:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, Բաբայանը նկատեց․ «Դժվար է մարդկանց գրավել ատելությամբ և վախով․ սա վերաբերում է և ըդդիմությանը, և իշխանությանը: Իշխանությունը վախեցնում է նախկինների վերադարձով, ընդդիմությունը՝ թուրքերով․ սա անարդյունավետ ճանապարհ է: Ի՞նչ է, մեզ պետք է վախեցած հասարակություն, վախը անջատում է ուղեղը»: