«ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ Վրաստանը պետք է լուծի իր տարածքային խնդիրները». այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Քաթարում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ։
«Մեր նպատակը ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է։ Դա կախված է մեր ռազմավարական պատրաստվածությունից ու համբերությունից։ Մենք հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը կախված է ոչ միայն Դաշինքին միանալու մեր ցանկությունից։ Վրաստանին անդամակցելու համար դաշինքի անդամ բոլոր երկրների միջև պետք է կոնսենսուս ձեռք բերվի։ Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ Վրաստանը տարածքային խնդիրներ ունի, որոնք մենք պետք է լուծենք ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ։ Սա մեր եվրոպացի և ՆԱՏՕ-ի գործընկերների կարծիքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության քաղաքականությունն, ըստ նրա, խաղաղ բանակցությունների միջոցով տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելն է։ «Մենք չենք շփվել Մոսկվայի հետ՝ իշխանության գալուց ի վեր։ 2012 թվականից ի վեր մենք քաղաքական կոնսուլտացիաներ չենք ունեցել, կան միայն առևտրատնտեսական հարաբերություններ»,- նշել է Ղարիբաշվիլին։