Թուրքիայում 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ:
Այս մասին, հայտնում է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կուսակցությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է, այլ մայիսի 14-ին՝ նշելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որը, ըստ նախնական ժամկետների, պետք է տեղի ունենա հուլիսին և կարող է ընտրողների ցածր մասնակցություն լինել՝ կապված արձակուրդային սեզոնի մեկնարկի հետ: Մյուս կողմից՝ ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհերում անցկացվող քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքների վրա։
ԱԶԿ-ի կողմից դեռևս ընտրությունների ամսաթվի հնարավոր տեղափոխության առաջարկի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները տեղի կունենան նախատեսվածի համաձայն՝ 2023 թվականի հունիսի 18-ին։