Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին վերադառնալու հույս ունի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ու արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի օրը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ Քնեսեթում կանցկացվի խորհրդարանի ցրման և նոր ընտրությունների անցկացման հարցով քվեարկություն։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա մինչև նոր ընտրությունները վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Յաիր Լապիդը։
Ինչպես նշում են իսրայելացի մեկնաբանները, ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին։