
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում կանխիկի կրճատման վերաբերյալ կարգավորումները, ըստ որի՝ անկանխիկ պետք է տեղի ունենան բոլոր գործարքները, մասնավորապես անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում: Մեքենաների առք ու վաճառքով զբաղվողները նշում են, որ սա բարդություններ է ստեղծում իրենց աշխատանքում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ նոր կարգավորումները կարող են խնդիրներ ստեղծել այն մարդկանց համար, որոնք ավտոմեքենաների բիզնեսով են զբաղվում. «Իրենք պետք է երևի ինչ-որ մեխանիզմ մշակեն, որ այդ գումարները մուտք անեն իրենց հաշվին և գործարքները կատարեն: Այդտեղ խնդիրներ կարող են լինել կանխիկացման միջնորդավճարների, կուրսի տատանումների հետ կապված: Պետք է օրենսդիրը այնպիսի պայմաններ ստեղծի, որ մարդիկ լրացուցիչ խնդիրների առջև չկանգնեն: Այդ մասով ոչ մի լուծում չկա:
Նրանք պետք է բանկային հաշիվներ բացեն, որ գումարները նստեն այդ հաշվին, հետո պետք է կանխիկացնեն, փոխարժեքներ ֆիքսեն և այդ գործընթացում մարդիկ կարող են կորուստներ ունենալ: Այս փոփոխությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու: Թե գործնականում կիրառվելիս ինչ խնդիրներ ի հայտ կգան և այդ խնդիրները ոնց կլուծեն, հիմա չեմ կարող ասել»,-ասաց նա:
Քեյանը նաև հավելեց, որ չի կարծում, որ այս փոփոխությունների պատճառով մարդիկ Հայաստանից ավտոմեքենա չեն գնի, գնան, Վրաստանից գնեն:
Նույն խնդրի առնչությամբ տնտեսագետ Կարեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց այս փոփոխությունների դեպքում միակ խնդիրը միջնորդավճարն է. «Քանի որ գործարքների մեծ ծավալ է առաջանում, փաստացի տոկոսադրույքները կարելի է նվազեցնել, որպեսզի շատ քաղաքացիների ու կազմակերպությունների վրա այդ գումարները շոշափելի չլինեն: Բայց չեմ կարծում, միջնորդավճարը մեծ չափով գնի վրա ազդի: Այստեղ ավելի շատ խնդիրը փոխարժեքների տատանումների հարցն է: Օրինակ, Վրաստանում իրենց ազգային արժույթը դոլարի նկատմամբ ավելի արժեզրկված է, հետևաբար, Վրաստանից մեքենա գնելը միգուցե ավելի ձեռնտու է: Անկանխիկի դեպքում նաև պետք է գնալ բանկ, հաշիվ բացել, փոխանցում անել, մուտք անել: Բայց կարծում եմ՝ սա էականորեն չի ազդի գնի վրա: Այսինքն եթե մարդը մտավախություն չունի, որ իրեն կարող են, ասենք, հարցնել՝ քեզ որտեղից այսքան փող, եթե դու ցույց ես տալիս ասենք, 70 հազար դրամ աշխատավարձ, բայց 10 մլն-անոց ավտոմեքենա ես գնում կամ վաճառում, ապա խնդիր չկա: Բայց հենց այդպիսի խնդիրների կարգավորման համար է այս համակարգը ներդրվում, որ ստվերային եկամուտները բերվեն օրինական դաշտ:
Այդ միջնորդավճարները չնչին գումարներ են: Այո, եթե մեկ ամսում մի քանի մեքենա ես վաճառում, դա այլ խնդիր է, բայց եթե դու տարեկան երկու մեքենա ես վաճառում, արդեն իսկ հարկային դաշտ ես մտնում: Պարզապես, այս դեպքում արդեն կֆիքսվի այն գինը, որն իրական է: Իհարկե, դա էլ կարող են շրջանցել, բայց ռիսկերը մեծ են: Կարող են պայմանավորվել X գումար, բայց բանկով փոխանցել միայն մի մասը, մնացածը կանխիկ կտան»,-ասաց նա:
Կարեն Սարգսյանը նկատեց, որ այստեղ ուղղակի դրամի արժևորման պարագայում է ավտոներկրողների վիճակը վատացել. «Բոլորս էլ գիտենք, որ ավտոմեքենայի գնանշումը դոլարով է արվում, որքան էլ կայքերում գրվի դրամով: Իսկ դոլարով գնանշված ավտոմեքենայի արժեքը դրամով պակասել է մոտ 10 տոկոսով: Գին էլ չեն կարող բարձրացնել դոլարով, որովհետև եթե գինը բարձրացնում են, ղազախը նախընտրում է մեքենա գնել Վրաստանից: Այստեղ խնդիրը ոչ թե անկանխիկ վճարումներն են, այլ դրամի արժևորումը: Փաստացի ավտոներկրղների եկամուտները 10 տոկոսով կրճատվել է»: