Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը: Կա ձերբակալված:
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հույս ունի, որ իրավապահ մարմինները բազմակողմանի քննություն կիրականացնեն․«Ողբերգություն է, որ ՀՀ-ում զենքի ուժով հարց լուծելը կարող է կենսունակ լինել ու նման ողբերգության պատճառ դառնալ: Ողբերգություն է, որ կենցաղային մակարդակով կարող է նման արյունալի միջադեպ լինել»:
Նորիկյանի խոսքով՝ այս ողբերգությունը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինները չեն տիրապետում իրավիճակին․ «Սա խորքային սոցիալական երևույթ է: Զենքի միջոցով հարց լուծելը որոշ շրջանակների համար մնում է կենսունակ: Անթույլատրելի է հակաօրինական ու հակամարդկային այս քայլը»: Եթե պարզվի միջադեպն ունի քաղաքական ենթատեքստ, ապա Նորիկյանի խոսքով՝ կլինի խայտառակություն: