Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախարարությունը հույս ունի համոզել Թուրքիային հրաժարվել նոր հատուկ օպերացիայից Սիրիայում, փոխանցում է ТАСС-ը։ Գործակալության տվյալներով՝ ՌԴ ԱԳՆ-ն հարցի քաղաքական եւ դիվանագիտական լուծում է ակնկալում: «Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ։ Մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- ընդգծել է Բոգդանովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային օպերացիայի մեկնարկին և սպասում է հրամանատարության համապատասխան հրամանին։ Այդ օպերացիայի ընթացքում Անկարան շեշտը դնելու է սեփական զինտեխնիկայի կամ թուրքական արդիականացված տեխնիկայի օգտագործման վրա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն ևս նախազգուշացրել էր Թուրքիային Սիրիայում օպերացիայի հետևանքների մասին՝ ընդգծելով, որ քրդերի դեմ հատուկ օպերացիան կխաթարի ՔԱԿ ահաբեկիչների դեմ պայքարին ուղղված ջանքերը։