Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակներում Ուկրաինայի նախագահի վերջին ադրբեջանական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, ինչպես նաև տնտեսական ու էներգետիկ ոլորտներին առնչվող մի շարք խնդիրներ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Բաքու էր ժամանել այս տարվա ապրիլի 28-ին։ Նույն օրը նախագահներ Ալիևն ու Յանուկովիչը ստորագրել էին «2011-2015 թվականներին Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև բազմակողմ համագործակցության միջոցառումների պլանը» և «Ռազմավարական գործընկերության հետագա զարգացման մասին նախագահների հնչեցրած համատեղ հայտարարությունը», ինչպես նաև «Ադրբեջանի ու Ուկրաինայի նախագահների խորհրդի երրորդ նստաշրջանի արձանագրությունը»: