Ամերիկյան «Ֆորբս» ֆինանսատնտեսական ամսագիրը ամեն տարի հրապարակում է միլիարդատերերի ցուցակը։ 2022թ.-ի ցուցակը գլխավորում է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, ում կարողությունը գնահատվել է 219 մլրդ ԱՄՆ դոլար։ Ցուցակում ներառված են նաև հայ միլիարդատերեր։
Միլիարդատերերի 2020թ.-ի ցուցակում տեղ էր զբաղեցրել միայն 3 հայ։ 2021թ.-ին նրանց թիվն ավելացավ՝ հասնելով 9-ի: Այս տարի Forbes-ի միլիարդատերերի ցուցակում կա 6 հայ։
Այդ հայերից մեկը «Մագնիտ» առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է, ով ցուցակում զբաղեցնում է 951-րդ հորիզոնականը՝ 3.2 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ 2021թ.-ին նրա կարողությունը 3.5 մլրդ ԱՄՆ դոլար էր։
Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ, Badoo առցանց ժամադրությունների ծառայության, ինչպես նաև՝ SpyLOG, Begun և Mamba ինտերնետ ծրագրերի ստեղծող Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը կազմում է 2 մլրդ դոլար։ Նա «Ֆորբսի» ցուցակում զբաղեցնում է 1513-րդ հորիզոնականը։ Դեռ 2021թ.-ին նրա կարողությունը կազմում էր 1.9 մլրդ ԱՄՆ դոլար։
Ցուցակի 1645-րդ հորիզոնականում Քիմ Քարդաշյանն է՝ իր 1.8 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Նրա կարողությունը 2021թ.-ին գնահատվել էր 1 մլրդ ԱՄՆ դոլար։
Ձեռնարկատեր, Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր Նուբար Աֆեյանի կարողությունը 1.7 մլրդ դոլար է։ Նա ցուցակի 1729-րդ հորիզոնականում է։ 2021թ.-ին նրա կարողությունը կազմում էր 1.9 մլրդ ԱՄՆ դոլար։
«Ֆորբսի» ցուցակում ընդգրկված հաջորդ ամենահարուստ հայը գործարար Էդուարդո Էռնեկյանն է, ում կարողությունը 2022թ.-ին գնահատվել է 1.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով 1929-րդ հորիզոնականը։ 2021թ.-ին Էռնեկյանի կարողությունը գնահատվել է 1.3 մլրդ ԱՄՆ դոլար։
«Ֆորբսի» ցուցակում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2448-րդ հորիզոնականում է։ Նրա կարողությունը կազմում է 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021թ.-ին նա զբաղեցնում էր ցուցակի 925-րդ հորիզոնականը՝ ունենալով 3.3 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն։
Ցուցակից դուրս են մնացել գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ում կարողությունը 2022թ.-ի հունվարին կազմում էր 1 մլրդ ԱՄՆ դոլար. նա զբաղեցնում էր 2633-րդ հորիզոնականը։ Ցուցակից դուրս է մնացել Fix Price խանութների ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը, ով զբաղեցնում էր 1050-րդ հորիզոնականը՝ ունենալով 3.1 մլրդ ԱՄՆ դոլար։ Ցուցակի 2537-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ռուսաստանցի գործարար Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմում էր 1.1 մլրդ ԱՄՆ դոլար։