
Պաշտոնական Երևանն արձագանքել է Իլհամ Ալիևի նախօրեի հայտարարությանը, թե Հայաստանը մերժում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով Թբիլիսիում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու և ռեգիոնալ հարցերը քննարկելու առաջարկը: Ըստ Ալիևի, եղել է նաև եռակողմ այդպիսի ձևաչափով հանդիպում կազմակերպելու եվրոպական առաջարկ, որը ևս չի ընդունվում: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի մերժել այդպիսի ձեիարափով հանդիպումը և հակառակը՝ «մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։ Երևանի պատասխաննը փաստացի խոսում է այն մասին, որ Հայաստանը դեմ է պարզապես հանդիպելու մտքին կամ գաղափարին, եթե չի նշմարվում առարկայականություն և արդյունքի հասնելու «ճանապարհային քարտեզ»: Ադրբեջանի համար իհարկե արդյունքը կարևոր չէ, այլ կարևոր է պարզապես հանդիպումը: Բաքուն այդ կերպ փորձում է իրացնել իր առավելությունը, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի նկատմամբ:
Բանն այն է, որ ընդհանուր առմամբ ներկայումս ակնառու է Ադրբբեջանի համեմատական «դիրքային առավելությունը» Կովկասի մյուս երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ: Դա պայմանավորված է իհարկե ոչ միայն ռազմական հաղթանակի հանգամանքով, այլ նաև Ադրբեջանի՝ մի կողմից ռեսուրսային հագեցածության, ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում էներգակիրներից բխող դերով, միաժամանակ նաև այն հանգամանքով, որ այդ դերը բարձրացրել է թե ԱՄՆ, թե Ռուսաստանի ուղղությամբ սակարկելու հնարավորությունը: Այդ համատեքստում, Երևանի արձագանքը այն մասին է, որ պարզապես հավաքն ու քննարկումը ընդամենը սպասարկելու են Ադրբեջանի հնարավորությունները, այդ թվում և շանտաժի ու իբրև թե խաղաղասիրական հռետորաբանությունները զուգորդելու Ալիևի մարտավարության կենսունակությունը:
Կասկած չկա նաև, որ Ադրբեջանի նախագահը եռակողմ այդ ձևաչափը դիտարկում է խոշոր խաղացողների հետ իր հարաբերության ուղղություններով կապիտալիզացնելու հնարավորությունը: Ըստ այդմ, Երևանը չի հրաժարվում ռեգիոնալ եռակողմ հանդիպումից, բայց բավականին հստակ ակնարկում է, որ այդ հանդիպումները կամ այդ ձևաչափը պետք է ծառայի ռեգիոնալ անվտանգությանն ու կայունությանը հավասարապես, ինչի համար անհրաժեշտ է, որ այն մշակվի և կազմակերպվի առարկայական օրակարգով և արդյունքի հասնելու նպատակադրումով: Խոշոր հաշվով, այն դիրքորոշումը, որ ունի Երևանը, բխում է նաև Թբիլիսիի շահից