Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ ու Հայաստանում, խորքային հարց է․ «Մենք տեղեկատվական դաշտում տանուլ ենք տալիս: Այնքան ենք տարվել ինքներս մեր դեմ պայքարելով, որ իրական ռիսկերը չենք տեսնում: Զբաղված ենք կեղծ օրակարգով․ Մենք համատարած առողջացաման փուլ պետք է ապրենք»: Քաղաքագետի խոսքով՝ Արցախի հարցում իրավունք չունենք պարտվողական դիրք զբաղեցնել․«Թիրախային քաղաքականություն պետք է վարել : Արցախահայությունը տարագիր դառնալու ենթակա չէ: Իշխանությունները պետք է ժամանակ ձգեն, կայացնեն պետությունն ու անվտանգային համակարգը»:
Սիմոնյանը կարծում է, որ «Արարատը հետ կբերենք», «Վանը մերն է» կենացային հայրենասիրությամբ ոչնչի չենք հասնի․ «Վեհ արժեքները այսօր ծաղրուծանակի են ենթարկվում: Ցանկացած իրողության մեջ դրվում է վեհ արժեք, հետո այն սկսում է արժեզրկվել: Ազգային շահը պետք է լինի իմպերատիվ, «ես»-ի շահը պետք է ստորադասվի «մենք»-ի շահին»: