Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է երկու օր առաջ հանրային քննարկման դրել մի նախագիծ, որով պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին օրենքից դուրս են գալիս «Ժողովրդական արտիստի», «Ժողովրդական նկարչի», «Վաստակավոր արտիստի» և «Վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները։ Եվ որպեսզի մշակույթի ու արվեստի բնագավառի մարդիկ չմնան առանց պատվավոր կոչման հեռանկարի, պահպանվում են «Արվեստի վաստակավոր գործչի» ու «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչումները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ:
Գագիկ Գինոսյանը նշեց․ «Ես մշակույթի վաստակավոր գործիչ եմ, բայց այդ տույժը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ: Մտավորականի վաստակը պետք է գնահատի ժողովուրդը : Կոչումները պալատական որոշումներով չեն տրվում․ կոչումը տալիս է ժողովուրդը, կնիքը դնում ժամանակը ։Իրավացիորեն բոլոր կոչումները պետք է հանվեն: Եթե ռաբիս երգիչը, սերունդ պղծող դերասանը ստանում են վաստակավորի կոչում, դա ծաղր է մեր ինքնության նկատմամբ»: