«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։
–Պարոն Օհանջանյան, հայաստանյան ընդդիմությունը հայտարարեց փողոցային պայքարը դադարեցնելու մասին, սակայն նաև նշում է, որ խորհրդարան չեն վերադառանալու։ Քանի որ ի սկզբանե պայքարն Արցախի փրկության համար էր, ի՞նչ եք կարծում փրկվե՞ց Արցախն այդ գործողություններով։
-Ես հատուկ վերաբերմունք ունեմ խորհրդարանական ընդդիմության կազմակերպած բողոքի շարժման վերաբերյալ, որի թիկունքում, մեծ հաշվով կանգնած էին Հայաստանի երկու նախկին նախագահները։ Բայց օբյեկտիվության համար պետք է նշեմ, որ այս շարժումը որոշ չափով հետ պահեց Հայաստանի ապազգային իշխանություններին քայլերից, որոնք կարող էին անդառնալի լինել Հայաստանի պետականության կորստի առումով։ Ինչ վերաբերում է նրան, որ Արցախը փրկվեց ընդդիմության գործողություններից, ես ուզում եմ բոլորին ասել մեկ ճշմարտություն՝ Արցախի ուժը հենց Արցախում է։ Ինչ վերաբերում է մեր անկախությանը համակրող հայերին, ապա մեր բոլոր ջերմեռանդ համախոհներին խորհուրդ կտամ չգնալ այնպիսի քայլերի, որոնք կարող են վնասել Արցախին միջազգային հանրության կողմից ճանաչվելու ցանկության մեջ։ Արցախը բավականաչափ ուժ ունի իր կարգավիճակի խնդիրները ինքնուրույն լուծելու համար, նույնիսկ եթե Հայաստանում կա ապազգային իշխանություն։
–Ընդդիմությունը նաև հայտարարում է Արցախում ու սփյուռքում դիմադրության օջախներ ստեղծելու մասին։ Հատկապես Արցախի հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք։ Անկայուն իրավիճակն այս պահին ինչքանո՞վ է նպատակահարմար։
-Հայաստանի ընդդիմադիր շարժումը՝ ի պաշտպանություն Արցախի, բավականին բազմազան է, և որի ներկայացուցիչների պահանջների վեկտորը բավականին ցրված է և երբեմն չի համապատասխանում մեր ժողովրդի օրակարգին։ Անկեղծ կլինեմ, նրանց մեջ կան սադրիչներ, ովքեր դեմ չէին լինի Արցախում ապակայունացնել իրավիճակը և օգտվելով դրանից՝ լուծել իրենց քաղաքական նպատակները՝ իշխանության զավթում և այլն։ Բայց կան նաև ավանդական ընդդիմադիր ուժեր, որոնք ներկայացված են Արցախի քաղաքական դաշտում և ունեն իրենց գրասենյակները Արցախում։ Կարծում եմ, որ Արցախի իշխանությունները պարտավոր են ուսումնասիրել Արցախ նոր ուժերի ներթափանցման նպատակահարմարությունը և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում խստորեն ճնշել Արցախի քաղաքական կյանք ներթափանցելու նրանց ցանկությունը… Այս ուժերը պետք է իմանան, որ մեր ժողովուրդը ողջունում է ցանկացած էական աջակցություն, և սպառնալիքի դեպքում կկոտրի ցանկացած մարդու ողնաշարը, ով կփորձի ապակայունացնել իրավիճակը Արցախում։
–Ստեղծված իրավիճակից ի՞նչ ելքեր եք տեսնում։ Եթե իշխանությունն անընդհատ ծաղրի ընդդիմությանը, իսկ ընդդիմությունն էլ իշխանություններին դավաճան ասելով առաջ գնա, երկիրը դրանից կզարգանա՞, թե՞ պետք է գտնել համագործակցության եզր։ Դուք դա ինչքանո՞վ եք հնարավոր համարում։
-Դե, պետք է նկատել, որ նման իրավիճակ է ստեղծվում, երբ կա հիվանդ հասարակություն, որն ընդունակ չէ առաջնորդել հայրենասեր քաղաքական ուժերին։ Ես պնդում եմ, որ Հայաստանում չկան առողջ ուժեր, և դա վերաբերում է ապազգային, բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ իշխանությանը և, համապատասխանաբար, ընդդիմադիր ուժերին։ Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ազգը չի սկսել արմատապես բուժել հայկական քաղաքական հիվանդությունը։ Իսկ մինչ այդ պարզապես պետք է գիտակցել, թե ինչ վտանգ է ներկայացնում հիվանդության շարունակականությունը և սկսել համագործակցությունը, առաջին հերթին, Ղարաբաղի անկախ կարգավիճակի և նրա քաղաքացիների անվտանգության հարցերի շուրջ։