ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առավոտյան հանդիպել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Նախարարը մանրամասնել է. «Զրուցեցինք առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին:
Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:
Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին»:
Հիշեցնենք, որ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Փաթափությանն իր գործընկերոջ հետ Նոբելյան մրցանակին է արժանացել բժշկագիտության ոլորտում նոր հայտնագործության համար։ Աշխատանքը ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների մասին է եղել: