«Եվրամիությանն անդամակցելուց առաջ նախ պետք է դադարեցվի պատերազմը Ուկրաինայում». այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերի նախարար-պատվիրակ Կլեման Բոնը՝ «France Inter» ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները պետք է քննարկվեն միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։
«Պատրանքներ չկան, դրա համար ժամանակ կպահանջվի: Ի վերջո, Ուկրաինայում պատերազմ է ընթանում, ուստի նախ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, վերականգնել Ուկրաինան, հետո նոր խոսել մեր «ակումբին» միանալու մասին: Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ դրական ազդանշան տա, այնուհետ սկսի այդ երկար գործընթացը»,- պարզաբանել է նա։
Սա Ֆրանսիայի առաջին հայտարարությունը չէ «առանց խաղաղության՝ Ուկրաինան ԵՄ-ին չի անդամակցի» տրամաբանության մեջ։ Ավելի վաղ դրա մասին խոսել էր նաեւ Մակրոնը։