Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն: Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին: Վարչապետը հանդիպումներ է կունենում Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերում են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Անդրադառնալով այցին, Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Արաբական աշխարհում կարելի է առանձնացնել մի շարք առանցքային երկրներ, որոնցից է նաև Կատարը. «Կատարը առանցքային երկիր է, ի վիճակ է սահմանել խաղի կանոններ. վարչապետի այցը շատ կարևոր է: Հայաստանը անելիքներ ունի, պետք է շարունակի ակտիվ շփումները արաբական աշխարհի հետ: Ունենք մի շարք ոլորտներ, որոնք հետաքրքրում են արաբական աշխարհին:
Հայաստանի` դեպի արաբական աշխարհ հետաքրքրությունը ողջունելի է: Արաբական աշխարհին հետաքրքիր ենք հենց ՏՏ ոլորտով: Արաբական աշխարհի հետ հետևողական աշխատանք պետք է վարել»: