
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է, որ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու օրակարգով: «Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները և ավելի մեծ թափով գնանք առաջ: Մենք գտնում ենք, որ ինչ մինչև հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք: Հետևաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»,-ասել է նա:
Այս առնչությամբ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նոր ծրագիր չունեն և չեն կարող ունենալ, նաև չեն կարող ընդլայնվել. «Նրանց նպատակը Հայաստանում իշխանությունը տապալելն է, դրա համար իրենք ռևանշիստ են: Իրենք սաբոտաժ են անում պետականությանը: Անում են այն չափով, ինչ չափով տերը՝ Ռուսաստանը, հանձնարարություն է տալիս: Իրենք չգիտեն ինչ են անում, դրա համար էլ չեն բացում, թե ինչ են անելու: Հակառակ դեպքում իրենք պետք է երեկ Լավրովի դեմ ցույց անեին, պահանջեին գերիների վերադարձ, պատասխան պահանջեին, թե ինչու իրականացրեցին այսպես կոչված Լավրովի պլանը, ինչու մեր բանակի ու զինվորների գլուխը կերան և ինչու են պատերազմից այսքան ժամանակ անց դեռ իրավիճակը լարված պահում: Էդ իրենք են լարված պահում՝ սրանց միջոցով: Կամ էլ պետք է ծաղկեփնջերով գնային օդանավակայան, դիմավորեին շեֆի գալստյան կապակցությամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին կներկայացնեն իրենց ծրագիրը, Լևոն Շիրինյանը նկատեց. «Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը բավական բարդ վիճակում է լինելու, ժամանակ ունի՞ ձեզ համար ծրագիր կազմի: Բացահայտ է, որ իրենք ուղղորդվում են Ռուսաստանի կողմից: Իրենք չէին ասո՞ւմ Լավրովին՝ չհավատաք, Հայաստանում իշխանությունը լեգիտիմ չէ: Իրենք չե՞ն, որ գիշեր-ցերեկ խոսում են Արևմուտքի դեմ: Իրենք ուրիշ օրակարգ չունեն բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց: Գիտե՞ք իրենց ֆունկցիան հիմա որն է. Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների իբր կարգավորում է գնում, որը վերահսկում է Ռուսաստան: Իրենք էստեղ անհանգիստ իրավիճակ են առաջացնում, որ Հայաստանի իշխանությունները մանևրի հնարավորություն չունենան և Ռուսաստանի նախագծերն իրականանան: Լավրովը դաշնամուր է նվագում»:
Տեսակետին, որ Լավրովի խոսքից տպավորություն է, որ ռուսների ուշադրությունը ընդդիմության նկատմամբ բացակայում է, Լևոն Շիրինյանը չհամաձայնեց. «Դա թաքնված է, ստորջրյա է. հո չե՞ն կանգնելու ասեն՝ իրենք մեր գործակալական ցանցն են: Պարզ է, որ պետք է հրաժարվեն: Քաղաքականությունը հիմնականում կատարվում է ստորջրյա հոսքերով: Այ եթե ռուսների առողջությունը լավ լիներ, գործերը հաջող գնային Ուկրաինայում, դա բաց տեքստով կանեին: Հիմա մեկը լինի իրենց փրկի: Իրենք ուկրաինացիներին նեղել են, բայց գիտեն, որ անգլոսաքսերի մուրճը գլխների վրա է: Իրենք ազատ չեն, դրա համար խուսանավում են բարեկմ հայ ժողովրդի հանդեպ իրենց դավադրությունների մեջ: Եթե ռուսները չուզենան Հայաստանում իշխնափոխություն, այս ամբողջ սոդոմ-գոմորը Երևանի փողոցում կդադարի: Ինչի՞ վրա է դրանց հույսը, հայ ժողովուրդն իրենց մերժում է»:
Լևոն Շիրինյանը հիշեցրեց, որ ժամանակին 17+2+1 ձևաչափով էին գործում, հիմա դրանք վերակենդանացել են. «Իրենք չեն կարող հաջողել, էլ չեմ ասում, որ Ռուսաստանում դրանով զբաղվելու ժամանակ չունեն, մնացել են անգործ»: