
Խորհրդարանական ընդդիմությունը, որ դուրս է եկել խորհրդարանից և իրականացնում է փողոցային անհնազանդության շարժում, չի մասնակցում Երևանում անցկացվող ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքին: Պատճառաբանությունն այն է, որ Վեհաժողովում չի լինելու այլ ելույթի հնարավորություն, բացառությամբ խորհրդարանների խոսնակների: Առաջին հայացքից, հայաստանյան ընդդիմության բացատրությունը հնչում է միանգամայն տրամաբանական ու հիմնավոր:
Միևնույն ժամանակ, տարօրինակ է, որ ցանկացած հարթակ Արցախի դրոշը պարզելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարությունը հնչեցնելու համար օգտագործող խորհրդարանական ընդդիմությունը, որ դրան է ծառայեցնում օրինակ թե Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնոության բացման արարողությունը, թե Ազգերի լիգայի շրջանակում Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը, հանկարծ հրաժարվում է ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքը այդ նպատակին ծառայեցնելու միանգամայն լեգիտիմ հնարավորությունից: Օրինակ, ինչու՞ չանել ակցիա՝ պարզել Արցախի դրոշը Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, հայտարարել, որ Արցախը երբեք չի լինի Ադրրբեջանի կազմում, իհարկե ռուսերեն, որ հասկանան ՀԱՊԿ բոլոր պատվիրակությունները՝ Нагорный Карабах никогда не будет в составе Азербайджана, և ՀԱՊԿ Վեհաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք, դուրս գալ դահլիճից: Ինչու բաց թողնել այդ առիթը, առավել ևս, երբ այնտեղ են Բելառուսը՝ որի նախագահը Սերժ Սարգսյանին Ալիևի անունից առաջարկում էր 5 միլիարդը՝ տարածքների դիմաց, Ղազախստանը՝ որի նախագահը 2014 թվականին Սերժ Սարգսյանի լռության պայմաններում ընթերցում էր Ալիևի նամակը և ասում, որ Իլհամը խնդրել է Հայաստանը «դեռևս չընդունել» ԵՏՄ, այնտեղ է Կիրգիզիան, որը շաբաթներ առաջ դաշնակցային ռազմավարական փաստաթուղթ էր ստորագրում Բաքվում, և իհարկե Ռուսաստանը, որը փետրվարի 22-ից Բաքվի հետ դաշնակցային հարաբերության մեջ է և նոյեմբերի 9-ից վեր հայտարարում է, որ կարգավիճակի հարցը առայժմ պետք է մատնել լռության: Ինչու՞ է խորհրդարանական ընդդիմությունը բաց թողնում հռչակագրային քաղաքականության հիանալի առիթը և կարևոր հարթակը, ինչու՞ է անհնազանդության և դիմադրության շարժումը կանգ առնում մի կառույցի առաջ, որը գործնականում Ադրբեջանի բարեկամների ու դաշնակիցների կառույցն է, ու այդպիսին եղել է միշտ՝ այդ թվում ընդդիմության ներկայիս առաջնորդների պաշտոնավարման տարիներին: Պատասխանը թերևս միանգամայն պարզ է՝ այդպիսի քայլը ենթադրելու էր արդեն քաղաքական կոնկրետ դիրքավորման և մոտեցումների համար կոնկրետ պատասխանատվություն, և միաժամանակ ենթադրելու էր պատասխանատվության առաջ դնել ՀԱՊԿ-ն ու նրա անդամներին: Խորհրդարանական ընդդիմությունն այդ իմաստով ընդամենը խուսափել է պատասխանատու քաղաքականությունից, ինչպես նաև ՀԱՊԿ և դրա անդամների դաշնակցային պատասխանատվության հարցը բարձրացնելուց: Հանգամանք, որը մեծ հաշվով եթե ոչ ամեն ինչ, ապա չափազանց շատ բան է ասում Հայաստանում խորհրդարանական ընդդիմության քաղաքական բովանդակության և մոտիվների մասին: