
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հունիսի 8-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի Անկարա կատարելիք այցի ընթացքում ի թիվս այլ միջազգային հարցերի, քննարկվելու է նաև Ղարաբաղը: Մի կողմից զարմանալի չէ, որ Մոսկվան ու Անկարան քննարկում են Ղարաբաղը, մյուս կողմից հարցն այն է, թե ի՞նչ են քննարկելու և ինչ համատեքստում, նկատի ունենալով նաև այն, որ այդ քննարկումը ծավալվելու է Սիրիայում ռազմարշավ ծավալելու Անկարայի որոշման ֆոնին:
Բանն այն է, որ արցախյան, հայ-ադրբեջանական իրավիճակը վերջին տարիներին գործնականում մշտապես ուղիղ «կորելացիայի» մեջ է եղել Սիրիայում ռուս-թուրքական հարաբերության հետ: Ի վերջո անհրաժեշտ է հիշել, որ 44-օրյա պատերազմին նախորդել էր ռուս-թուրքական անուղղակի բախումը Իդլիբում՝ 2020-ի փետրվար-մարտին: Այժմ բավականին էական է, թե ինչպես է թուրքական ռազմարշավին վերաբերում Մոսկվան գործնականում, քանի որ այդ հանգամանքը զգալիորեն կպայմանավորի, թե ինչ տրամաբանությամբ է Լավրով-Չավուշօղլու քննարկումներում դիտարկվելու Ղարաբաղը: Բոլոր դեպքերում, իրադրությունը հայկական կողմի համար զգոնության և ուշադրության առիթ է, առավել ևս նկատի առնելով այն, որ հունիսի 10-ին էլ Լավրովը լինելու է Երևանում՝ Անկարայից փաստորեն անմիջապես հետո, ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու համար: Այստեղ անհրաժեշտ է դիտարկել մի հանգամանք, որ հնչեց շաբաթներ առաջ ՀԱՊԿ ղեկավարների հավաքին՝ Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահը հայտարարեց, թե Մոսկվան առաջարկել է ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ-ին: Արդյո՞ք ԱԳ նախարարները երևանյան հավաքում քննարկելու են այդ հարցը, որտեղ բնականաբար առանցքային նրբություններից մեկը այն է, որ ԱՊՀ անդամ է Ադրբեջանը: Ընդ որում, թերևս ավելորդ չէ նկատել մի նրբերանգ՝ ադրբեջանական պրոպագանդայի տիրույթում նկատվում են զարմանալիորեն «դրական» տոնայնությամբ անդրադարձեր ԱՊՀ դերակատարությանն ու հեռանկարներին: Սա առնվազն նշանակում է, որ Բաքուն մտադիր է խաղալ այն առաջարկով, որ արել է Պուտինը: Իսկ իրավիճակի մյուս նրբությունն այն է, որ ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու թեման ուղիղ առնչվում է նաև Թուրքիային, որը Ադրբեջանի հետ ունի ռազմա-քաղաքական գործակցության, դաշնակցության ուղիղ պայմանագրեր ու հռչակագրեր, այդ թվում և Շուշիի հռչակագիր կոչվածը: Թուրքիան Ադրբեջանում ունի ռազմական ներկայություն ու փաստացի կարող է ստացվել, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան ռազմական ներկայություն և ուղիղ պարտավորություններով կապակցվածություն ունի Ադրբեջանի հետ, որը կարող է հայտնվել ՀԱՊԿ դիտորդ կազմակերպության անդամի կարգավիճակում: Սրանք անվտանգության միջավայրի տեկտոնական փոփոխություն ենթադրող գործընթացներ են, Հայաստանի համար իրենց ռիսկերով ու հնարավորություններով հանդերձ, որոնց հարաբերակցությունն ու «չոր մնացորդը» իր հերթին կախված է Երևանի դիվանագիտական-քաղաքական ներուժից, և միևնույն ժամանակ՝ չհնչի տարօրինակ, նաև այդ հարցերում Ստեփանակերտի հատկանիշներից, եթե Հայաստանի նախկին կառավարող համակարգը մոտ երկու տասնամյակի ընթացքում այնտեղ թողել է այդպիսիք: