
Նախորդ մեկուկես-երկու ամսում հայկական դրամի ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժևորումը կայուն տեմպով շարունակվում է:
Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ ամերիկյան մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 443.26 դրամ։ Սա վերջին 8 տարիների համար ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին անգամ փոխարժեքի նման ցածր մակարդակ եղել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ամերիկյան մեկ դոլարն այդ ժամանակ վաճառվել է 442.48 դրամ։
Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա նաև ռուբլու արժևորման հետ է կապված. «Դոլարը լցվում է Հայաստան ավելի շատ, քան այստեղի պահանջարկն է, դրա համար էլ դոլարն արժեզրկվում է: Չափից ավելի շատ դոլար է հայտնվել երկրում: Սա կանգնացնելու համար պետք է գնեն դոլարը, բայց չեն գնում: Ես կարծում եմ՝ սա ժամանակավոր է: Ինչ-որ ժամանակ հետո իրավիճակը կփոխվի»,-ասաց նա:
Անդրադառնալով ռուբլու արժևորմանը, որը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին կտրուկ արժեզրկվելուց հետո այսօր բարձրացել է և նույնիսկ ավելի թանկ է, քան պատերազմից առաջ, Արմեն Եղիազարյանն ասաց. «Պատճառն այն է, որ դեպի Ռուսաստան ներմուծումը էապես կրճատվել է, առաջարկ-պահանջարկի խնդիր է: Դրա համար էլ արժևորվում է, ու դա բոլորովին էլ լավ չի իրենց համար, ներմուծումը Ռուսաստան էժանանում է, բայց արտահանման համար վատ է:
Իսկ մեզ համար սա ոչ մի խնդիր չի ստեղծի. մեզ համար անգամ լավ է, որ ռուբլին արժևորվում է, բայց դա էլ երկար չի տևի: Դրա համար պետք է Ռուսաստանի Կենտրոնական բանկը սահմանափակումները հանի, որից հետո կամաց-կամաց իրավիճակը կշտկվի»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստան եկող տրանսֆերտներն են աննախադեպ աճել, էկոնոմիկայի նախկին նախարարը նկատեց, որ դա ևս պայմանավորված է նրանով, որ մեծ քանակով դոլար է լցվում Հայաստան. «Այդքան մարդ է եկել Հայաստան, այդքան փող է գալիս Հայաստան»:
Նշենք, որ այս պահի դրությամբ դոլարը հայաստանյան բանկերում գնվում է արդեն միջինը 432,53 դրամով, վաճառվում՝ 442.59 դրամով: Ռուբլին գնվում է միջինը 6.49 դրամով եւ վաճառվում՝ 7.45 դրամով: Սա նշանակում է, որ դոլարի նկումը կանգ չի առնում:
Ի դեպ, 2022 թ-ի առաջին եռամսյակում Հայաստան մուտք է գործել 438 710 անձ, Հայաստանից հեռացել է 441 151 անձ, տարբերությունը կազմել է 2441:
Ընդ որում՝ Հայաստան մուտք գործածների մեջ ՀՀ քաղաքացիներ են 185 713-ը, իսկ Հայաստանից մեկնածների մեջ ՀՀ քաղաքացիներ են 193 853 (տարբերությունը՝ 8140):
Առաջին եռամսյակում ՀՀ մուտք է գործել 142 117 ՌԴ քաղաքացի, մեկնել՝ 138 111 ՌԴ քաղաքացի, սալդոն՝ 4006 , իսկ Ուկրաինայի դեպքում թվերն այսպիսին են. ժամանել է 5938, մեկնել՝ 5631 քաղաքացի, սալդոն՝ 307: