Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև: «Վրաստանի վարչապետը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել շնորհավորական զանգի ու բարեմաղթանքների համար և ընդգծել, որ բարձր է գնահատում այն վստահությունն ու բարեկամությունը, որ հաստատվել է իրենց միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել և Հայաստան-Վրաստան հարաբերությունների բոլոր հարցերը քննարկել աշխատանքային հանդիպման ձևաչափով»- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է լրագրող, կովկասագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ:
Մելիքսեթյանի խոսքով` այս տարի լրանում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը. 2022-ի հանդիպումները դեռ առջևում են. «Հայ-վրացական ստանդարտ հարաբերություններին զուգահեռ ունենք նաև ծրագրեր, որոնք «ստուգվում» են: Քայլեր ենք ձեռնարկում, որ հայ-վրացական հարաբերությունները ևս մեկ քայլով բարձրանան: Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համար աշխատանքներ են տարվում»: