ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021-ին կատարել է որոշակի տնտեսումներ և փոխանցել բյուջե : Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Ապարատի պահպանման առումով կատարվել է 322 մլն դրամի դրամարկղային ծախս: Ունեցել ենք որոշակի տնտեսումներ, որը պայմանավորված է եղել գործուղումների, շրջագայությունների գումարների տնտեսմամբ, կապի և էներգետիկ ծառայությունների տնտեսմամբ: Դա կազմել է շուրջ 26 մլն 338 հազար 710 դրամ, որը որպես չիրացված մնացորդ փոխանցվել է բյուջե»,-ասաց Մուկուչյանը:
Անդրադառնալով 2021-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին՝ նա ասաց, որ այդ առումով դրամարկղային ծախսը կազմել է 1 մլրդ 513 հազար 488 հազար դրամ: Ծախսի 80 տոկոսից ավելին տեղամասային ընտրական հանձնաժողովների և սարքերի մասնագետների աշխատավարձն է: «Կատարվել է որոշակի տնտեսում, տնտեսման ընդհանուր ծավալը կազմել է 197 մլն 321 հազար դրամ, որը պայմանավորված է եղել հիմնականում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից կամ ընտրություններին չմասնակցելով, որի պարագայում աշխատավարձ չի վճարվում, նաև կան դեպքեր, երբ բացակայող անդամների տեղերը չեն համալրվում: Նշված գումարները տնտեսվել և փոխանցվել են բյուջե»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Անդրադառնալով 2021-ին անցված ԱԺ արտահերթ ընտրություններին՝ նա ասաց, որ փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 818 մլն 156 հազար դրամ: