Ակնկալվում է, որ Դանիան հուլիսի 1-ից կկարողանա միանալ պաշտպանության և անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցությանը։
Դանիայի ԱԳ նախարար Եպպե Կուֆուդը հայտարարել է. «Այսպիսով մենք կարող ենք լիարժեք մասնակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցությանը։ Դրանով մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք ստանձնում մեր տարածաշրջանում անվտանգության համար։ Սա լավ և կարևոր քայլ է։ Միասնական Եվրոպան լավագույն պատասխանն է, որը մենք կարող ենք տալ այն իրավիճակում, որում այսօր գտնվում ենք»։
Հունիսի 1-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵՄ շրջանակներում պաշտպանական համագործակցությանը երկրի միանալուն դանիացիների 66,9%-ը կողմ է արտահայտվել, 33,1%-ը՝ դեմ:
Համագործակցությանը միանալու պաշտոնական հայտը կարող է ներկայացվել միայն խորհրդարանի կողմից 1993 թ. ընդունված վերապահումը չեղյալ հայտարարելուց հետո, որը թույլ չի տալիս Դանիայի մասնակցությունը դրան: Խորհրդարանը նաև պետք է որոշում կայացնի ապագայում Եվրամիության ռազմական գործողություններին երկրի մասնակցության մասին: