ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը անհեթեթ է համարում ԱՄՆ պետաքարտուղարության փաստաթղթերի հրապարակումը, որոնց համաձայն` ՀՀ-ն զենք է վաճառել Իրանին: «Ի՞նչ է, ՀՀ զե՞նք է արտադրում, զենքի գործարաննե՞ր ունի, Հայաստանը Ռուսաստա՞նն է, որ զենք արտադրի, նման պոտենցի՞ա ունենք: Անլուրջ եմ վերաբերվում այդ ամենին»,- «Առաջին լրատվականին» փոխանցեց նա: Ըստ նրա` ով հավատում է նման լուրերին, իր գործն է, բայց իրականում նման բան չկա: Մեր հարցին՝ ինչո՞ւ նախագահականը չի հերքում այդ տեղեկությունները, այլ ընդամենը չի ցանկանում մեկնաբանել, Սահակյանը պատասխանեց. «Մի՞թե նախագահականը այդքան պարապ է, ուրիշ գործ չունե՞ն` ամեն ինչին արձագանքեն»։