«Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների», հայտարարել է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի, ըստ այդմ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա այդ կերպ անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մերժմանը:
Վարդան Օսկանյանը մերժել է հանձնաժողովի հրավերը, հայտարարելով, որ համոզված չէ հանձնաժողովի նպատակների ազնվության և անկեղծության հարցում, նաև համոզված չէ, որ հանձնաժողովը կգա արդար եզրահանգման: Միաժամանակ, Վարդան Օսկանյանը հայտարարել էր նաև, որ կարծում է, թե դիվանագիտական բավարար աշխատանքի պարագայում հնարավոր էր խուսափել պատերազմից: «Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից», գրում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վարդան Օսկանյանն իհարկե ունի հանձնաժողովի նպատակների անկեղծության կամ ազնվության հարցում համոզված չլինելու իրավունք:
Միաժամանակ, կարծես թե որևէ կերպ համոզիչ չէ նաև Վարդան Օսկանյանի «մերժումը» և առավել ևս «համոզվածությունը», թե դիվանագիտական ճիշտ քայլերի դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից; Նախ, գործնականում չկա և չի կարող թերևս լինել մեխանիզմ, որը թույլ կտա «համոզված» լինել որևէ հանձնաժողովի գործունեության նպատակների հարցում: Այսինքն, խնդիրը նախկին արտգործնախարարի խիստ սուբյեկտիվ դիրքավորումն է: Որովհետև, նույն «փաաստական» կամ «փաստարկային» տրամաբանությամբ, որևէ մեկը կարող է նույն «հիմնավորվածությամբ» համարել, որ «համոզիչ» չեն եղել նախկին արտգործնախարարի և նրա քաղաքական ղեկավարի նպատակները կառավարման տասը տարիների ընթացքում: Առավել ևս, երբ այդ ընթացքում կարգավորման գործընթացից դուրս է մղվել Արցախը՝ որպես կողմ և սուբյեկտ, իրավիճակը բերելով Հայաստան-Ադրբեջան ձևաչափի ու վեճի և այդ կերպ դնելով Ադրբեջանի ռազմատենչ մոտեցումների և շանտաժի «միջազգային լեգիտիմության» պարարտ հիմք, որը Ալիևը հաջողությամբ զարգացրել է նաև արդեն Վարդան Օսկանյանի և նրա քաղաքական ղեկավարի պաշտոնաթողությանը հաջորդած տասնամյա շրջանում, այդ թվում հենվելով նաև նրանց թողած «մադրիդյան» ժառանգության վրա:
Այլ կերպ ասած, Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի դիվանագիտությունը, առավել ևս Ալիևի «ռամիլսաֆարովյան» հատուկ գործողությունից հետո՝ որով նոր իշխանության եկած կրտսեր Ալիևը ստուգում էր Հայաստանի կոշտ պատասխանի հնարավորությունը, գործնականում նպաստել է Բաքվի համոզվածությանը՝ «պատերազմի իրավունքի» և ռազմական շանտաժի մարտավարության ու ռազմավարության հաջողության հնարավորության հարցում: Սա բոլորովին չի նշանակում, թե Վարդան Օսկանյանը պարտավոր է ներկայանալ հանձնաժողով: Ավելին, բոլորովին պարզ չէ, թե ինչ իրավական հետևանքի մասին է խոսում Անդրանիկ Քոչարյանը և ինչ է դա ենթադրելու, և արդյո՞ք դա միտված է հանձնոժողովի աշխատանքի արդյունավետությա՞նը, թե՞ ավելի շուտ ունի ներքաղաքական հարցերում կառավարող մեծամասնության ուժի ցուցադրման միտում: Սակայն, թե Վարդան Օսկանյանը, թե Հայաստանի նախկին ու ներկա պաշտոնյաները թերևս ունեն մեկ պարտավորություն՝ քաղաքական քննարկումների մակարդակը հասցնել բովանդակային առարկայականության՝ դուրս գալով սուբյեկտիվ «համոզվածության» կամ դրա բացակայության դաշտից: Որքան նրանք մնում են այդ դաշտում, այդքան թերևս խորացնում են հանրային համոզվածությունն առ այն, որ ընդամենը փնտրվում են արդարացումներ այն ամենի համար, ինչ կատարվել է Հայաստանում արցախյան առաջին պատերազմից հետո՝ այդ պատերազմի համազգային արդյունքը քաղաքական խմբային կապիտալիզացիայի ենթարկելու մղումով, գործնականում համաշխարհային զարգացումների հետևանքով անխուսափելի դարձող պատերազմին Հայաստանը մոտեցնելով գրեթե լիովին անպատրաստ: