Մայիսի 22-ի Բրուսելյան հանդիպումից հետո Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակը այս գիշեր հայտարարություն է տարածել և նշել, որ հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ:
Գրիգորյանը կարծում է, որ վերադառնալու ենք այն իրավիճակին, որն ունեինք մինչև ուկրաինական պատերազմը. «ԵՄ ակտիվությունը Մոսկվան փորձելու է բալանսավորել և կրկին ստանձնել առաջին ջութակի դերը: Միշելը բաց տեքստով հայտնեց, թե ապաշրջափակման գործընթացում ինչ սկզբունքով են ընթանում բանակցությունները: Հստակ է` արցախյան հարցով գոյություն ունի երկու դիրքորոշում ԵՄ-ի և ՌԴ-ի: Անորոշություն է թե միջնորդների, թե Հայաստանի մոտ, հստակ է Ադրբեջանի դիրքորոշումը»: