
Հունիսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով: Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը արցախյան հարցի շուրջ, ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը, պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ ձևաչափի գործունեությունը:
Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ առկա է բավականին հետաքրքրական տեղեկություն-ձևակերպում: «ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան՝ զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը»: Կրեմլի պաշտոնական կայքի տարածած տեղեկության մեջ այդ մասին որևէ բան գրված չէ: Հազիվ թե պաշտոնական Երևանը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին տարածի տեղեկություն, որը չի եղել հեռախոսազրույցի ընթացքում:
Մյուս կողմից, խոսքն այս դեպքում վերաբերում է թերևս Երևանի որևէ նախաձեռնության, որը միտված է գուցե միմյանց հետ աշխատել չցանկացող Մինսկի խմբի համանախագահներին ընդհանուր հայտարարի բերելու և այդ կերպ համանախագահության ձևաչափի աշխատանքը վերականգնելուն: Դեռևս ապրիլին ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ և Ֆրանսիան չեն ուզում համանախագահության ձևաչափում աշխատել Ռուսաստանի հետ՝ ուկրաինական խնդրի պատճառով: Դրանից հետո երեք երկրները սկսեցին իրենց համանախագահներին առանձին կարգավիճակ տալն ու այդ կերպ աշխատելը:
Մյուս կողմից, գործնականում երեքն էլ շարունակում են պահպանել իրենց դիրքավորումը որպես Մինսկի խմբի համանախագահ: Այլ կերպ ասած, կարգավիճակը նրանք պահպանում են, իսկ բուն աշխատանքը իրականացնում առանձին ձևաչափերով: Երևանը փորձում է գտնել համատեղ աշխատանքը վերականգնելու հնարավորություն և դրան էր միտված նաև Հայաստանի նամակը համանախագահ եռյակին՝ աջակցել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցության մեկնարկին և կազմակերպել այդպիսի բանակցություն: Դրան իհարկե հաջորդել է համանախագահների առանձին աշխատանքային գործունեությունը, սակայն Հայաստանը թերևս չի հրաժարվում ընդհանուր հայտարար ձևավորելու մտքից, առնվազն դրա փորձից և հավանաբար հենց այդ հանգամանքն է եղել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քննարկման առարկաներից մեկը: Եվ այն, որ Հայաստանի պաշտոնական հաղորդագրությունն արտացոլում է այդ հանգամանքը, թերևս հուշում է, որ Մոսկվան առնվազն դեմ չի եղել, որպեսզի հայկական կողմի հաղորդագրության մեջ արձանագրվի այդ հանգամանքը:
Ռուսաստանի համար համանախագահության ձևաչափը առավել ևս այժմ գուցե դիտարկվում է Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքային հարթակի եզակի կամ բացառիկ տիրույթ: Կա՞ հնարավորություն, որ Նահանգները ևս կարող են դրական արձագանքել հնարավորությանը: Փարիզի առումով թերևս հնարավոր է առավել վստահ ասել, որ համանախագահության ձևաչափի վերականգնումով շահագրգռությունը բավականին մեծ է:
Համանախագահության աշխատանքի մեկնարկով շահագրգռությունը թերևս բացակայում է Թոււրքիայում: Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից առաջ եղել էր Պուտին-Ալիև հեռախոսազրույց, ընդ որում Ալիևի նախաձեռնությամբ՝ ինչպես հայտնում է Կրեմլը: Իսկ այդ հեռախոսազրույցից երեք օր առաջ Ալիւեը Բաքվում հյուրընկալել էր Էրդողանի, որը հունիսի 1-ին հայտարարել է Սիրիայի ուղղությամբ հատուկ «հակաահաբեկչական» գործողություն սկսելու մասին և նշել, թե Թուրքիան հետևելու է միջազգային արձագանքին, տեսնելու համար, թե ովքեր են աջակցում իրեն: Նույն օրը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Պարսից ծոցի Գործակցության կազմակերպության անդամ երկրների, կամ մեկ այլ կերպ՝ ՕՊԵԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ: