Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մայիսի 28-ին հրադադարի ռեժիմի խախտմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու փաստը՝ որակելով այն ապատեղեկատվություն։
Ըստ նրանց. «Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։
Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»:
Հիշեցնենք, որ Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: