
Սորոսականներ, կենսաբիոլոգիական լաբորատորիաներ, կոլաբորացիոնիստ, արևմուտքի դրածոներ, ԱՄՆ և ԵՄ դեսպանատան սպսարկուներ, արվամոլներ, տրանսգենդերներ, այլասերված արժեքներ կրողներ և այլն։ Չէ՞, ես հիմա չեմ նշում ռուսական պրոպագանդայի կողմից շրջանառվող թեզերը, որոնք վերաբերվում են Ուկրաինային ու հավաքական արևմուտքին առհասարակ, ես հնչեցնում եմ թեզերը, որոնք շրջանառում է ընդդիմությունը՝ խոսելով իշխանության մասին։ Ռուսական նարատիվները, որոնք ուղղված են Ուկրաինային ու Արևմուտքին գրեթե նույնական են նրանց, որոնք հնչում են Երևանի փողոցներում։ Ինչպես կասեր դասականը՝ «պատահականություն է․․․ չեմ կարծում»։ Ինչու՞ է ընդդիմության մոտ այդքան ցայտուն ընդգծված ռուսական բառամթերքն ու թեզերը։ Ինչո՞ւ են Երևանի կենտրոնում խոսում Պուտինի, Լավրովի, Շոյգույի, ռուսական այլ խոսող պաշտոնյաների բառապաշարով, ինչ է մե՞նք էլ ենք կանգնած օկուպացիայի վտանգի առաջ։ Ի՞նչ է, հայաստանում ևս շուտով կարող են գտնվել ազգայնական տարրեր, որոնք արգելում են ռուսաց լեզուն ու ռուսների մշակույթը, նսեմցանում, ստորացնում կամ ճնշում են ՀՀ-ի ռուսական բնակչությանը, հետևապես արագ պետք է Սյունիք զորք մտցնել՝ ռուսալեզու մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։ Էս կոլաբորացիոնիստական թեզերն ո՞ւմ են ուղղված։ Հայաստանի ազգային շահերի, ինքնիշխանության ու պետականության մասին անհանգստացող որոշ գործիչներ երևի մոռանում են, որ ազգայնականությունն էր Ուկրաինա մտնելու ռուսական պատճառաբանությունը։ Որոշ քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են որպես ազգային, մոռանում են երևի, որ Կրեմլը շրջանառության մեջ դրեց Ուկրաինայի դենացիֆիկացիայի թեզը՝ զորք մտցնելու համար այդ երկիր։
Որքանով ենք մենք վստահ, որ վաղը, երբ Հայաստանը չսկսի բացառապես իր շահերից բխող քաղաքականություն իրականացնել՝ Հայաստանում ևս չեն հայտնվի ֆաշիստներ, որոնք իբր օկուպացրել են իշխանությունը, ձևավորել են ռեժիմ ու կեղեքում են հայ ժողովրդին։ Թեպետ, իշխանության օկուպացիայի մասին արդեն խոսվում է, մնում է կպցնել ֆաշիստ պիտակն ու բանը գրպանի մեջ է։ Բոլորին մերժող, բոլորին անտեսող ու չեզոք քաղաքացիներին են անգամ թիրախի վերածում, թե եթե չեք խոսում, ապա բոլորդ անհայրենիք եք, անազգ ու անդեմ, մինչդեռ նման մեղադրանքներ հնչեցնողների ուշքն ու միտքը օտար օրակարգեր սպասարկելն է, ռուսական ներկայությունը Հայաստանում որքան հնարավոր է խորը արմատավորելն ու Կրեմլի փտած բարքերն ու արժեքները ՀՀ կառավարության շենք մտցնելը։ Կրիպտոկրատ կոմունիստները եկել են պայքարելու իմպերիալիստ լիբերալների հետ, ստացվում է։
Իսկ իրականում բանն անհամեմատ ավելի պարզ է․ կա Հայաստան, որից խլել են պայքարի իմաստը՝ Արցախը։ Մորից առևանգել են զավակին ու պատանդ են պահում՝ դրա դիմաց փորձելով ստանալ առավելագույնը։ Նա, որը կարծես կոչված էր ապահովել առևանգված զավակի անվտանգությունը դարձել է այդ հանցագործության հեղինակը։ Հիմա Արցախի ծոծրակին զենք է մոտեցված՝ մոր աչքի առաջ։ Հայաստանը կամ կգնա սթափության ճանապարհով ու կպահպանի և զավակի՝ Արցախի, և՛ իր կյանքը, կամ էլ կգնա էմոցիոնալ ճանապարհով, կանի ինչ պահանջում են պատանդառուները և արդյունքում չի ունենա ոչ անկախություն, ոչ էլ զավակ։
Մենք կարող ենք ամեն կերպ վերաբերվել իշխանությանը, ես կարող եմ ատել, մյուս՝ պաշտել, երրորդը անտեսել, բայց հարցը սեղանին դրված է այլ կերպ․ մեզ տանելու են կառավարելի ընտրության՝ խաղալով մեր թույլ կողմերի ու վախերի վրա։ Հայերը գենետիկական վախ ունեն թուրքերից, հետևապես՝ եթե ստեղծվի թուրքերի հանդեպ վախի մթնոլորտը, հայերը վազելու են Մոսկվա՝ փրկություն մուրալու։ Թուրքից չվախենալը մեր օրերում սովորաբար բնորոշվում է որպես թուրքամոլություն, թուրքամետություն և թրքություն առհասարակ։ Եթե դու չես վախենում թուրքերից, ուրեմն թու՛րք ես։ Ասել է, թե հայ մնալու համար անդադար պետք է վախենալ։ Ես թուրքից չեմ վախենում, քանի որ կամք ունեմ, ինչպես հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ինձ պարտված չեմ համարում ու հավատում եմ իմ ուժերին, իմ պետության, պետականության հարատևությանը, ես հավատում եմ Հայաստանի՝ ինքնապաշտպանական կարողություններին, հետևապես պայքարելու եմ ինչպես Մայր Հայաստանի, այնպես էլ զավակ Արցախի համար, ոչ թե վախի, զենքի, պարտադրանքի տակ վազելու եմ ռազմավարական դաշնակցի դուռը՝ անվտանգություն աղերսելու։ Բոլոր նրանք, որոնք չեն հավատում Հայոց պետականությանն ու ինքնիշխանությանը, ազգային բանակին ու հայի կամքին՝ հենց իրենք պիտի իրենց հարց տան, ազգությամբ հայ են, թե․․․ ինչևէ։
Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխան ամեն դեպքում այսօր տեղի ունեցավ։ Փաշինյանին հարցեր ուղղեցին բացառապես իշխանական պատգամավորները։ Որևէ լուրջ բացահայտում տեղի չունեցավ, Փաշինյանը խոսեց բանակցություններից՝ խոշոր հաշվով նոր բան չպատմելով, հնչեցրեց գերիների թիվն ու նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը, անեկդոտ պատմեց, ժողովրդավարության մասին խոսեց՝ ասելով, որ ոմանք մեղադրում են իշխանություններին բռնապետության մեջ, ոմանք էլ՝ թուլամորթության։ Փաշինյանի եզրահանգումն այն էր, որ այդ երկուսի համադրմամբ էլ ձևավորվում է ժողովրդավարոթյունը։ Ինչևէ․․․ անդրադարձ եղավ նաև փողոցային պայքարին։ Բայց արդեն քաղաքական դիսկուրսի ձևաչափով։ Այսպես, ու՞մ միջև է գնում պայքարը Հայաստանի համար։ Որ տերություներն են փորձում բաժանել Հայաստանը՝ աշխարհաքաղաքական բաժանումների ֆոնին։ Ի՞նչ կարողություններ ունենք մենք՝ չճզմվելու արևմտյան ու ռուսական օրակարգերի արանքում՝ մնալով ազգային պետություն, մնալով անկախ ու ինքնիշխան։
Լուսանկարը՝ panorama.am-ի