
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը
Պարոն Մարկոսյան, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դեպի Հայաստան մեծ հոսք ունեցանք Ռուսաստանից և մասամբ Ուկրաինայից: Այս պահին ի՞նչ պատկեր ունենք Հայաստան ժամանողների և մեկնողների առումով:
Ակնհայտորեն առաջին եռամսյակի տվայլներով միանշանակ առաջընթաց կա: Ռուսաստանը, բնականաբար, շատ լուրջ խնդիրներ ունի, պատժամիջոցները ազդել են և դրանք շարունակվելու դեպքում էլ ավելի շատ են ազդելու: Այնտեղ արդեն իսկ տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ կան, որոնք վերաբերում են թե այնտեղ ժամանակավոր աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, թե երկարաժամկետ այնտեղ գտնվողներին: Ռուսաստանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, գնողունակության զգալի անկում է տեղի ունենում և հոռետեսական շատ մեծ սպասումներ կան: Անգամ տեղացի ռուսները շատ զգուշավոր են դարձել և շատ ավելի քիչ փող են ծախսում: Մյուս կողմից Ռուսաստանից արտահոսք է տեղի ունեցել, մասնավորապես IT ոլորտի մասնագետներից շատերն են հեռացել: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում կա գործընթաց, երբ մեր հայրենակիցները շատ ակտիվորեն վերականգնում են իրենց ՀՀ քաղաքացիությունը: Բայց ասել, որ Ռուսաստանից մեծ հոսք կա դեպի Հայաստան, դեռ ոչ:
Հիմա արտագնա աշխատանքի մեկնողների սեզոնն է, արդյոք մեկնել են նույնքան, որքան նախորդ տարի:
Արդեն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները մեկնել են, և այնտեղ արդեն խնդիրներ կան վճարումների հետ կապված: Ռուսաստանում անորոշությունները շատ են, սպասողական վիճակ է: Այն մարդիկ, որոնք ամեն տարի մեկնում էին արտագնա աշխատանքի և դա իրենց միակ եկամտի աղբյուրն է, այս տարի ևս մեկնել են, բայց թե ինչպիսի ընթացք կունենա այնտեղ իրենց աշխատանքը, ինչ արդյունքներ կստանան, դա մի քիչ, դժվար է ասել: Նրանք, իհարկե, կվերադառնան Հայաստան, բայց թե վաստակով կվերադառնան, թե առանց վաստակի, դա արդեն խնդրահարույց է: Գնալով պատժամիջոցների ազդեցությունը մեծանալու է:
Փաստորեն, նույնիսկ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը չի կանգնեցրել մարդկանց և նրանք շարունակել են մեկնել արտագնա աշխատանքի:
Այո, գնացել են, թե պատերազմից առաջ են գնացել, թե հետո են գնացել: Բայց հարցական է, թե իրենք ինչ կվաստակեն և արդյոք կկարողանան իրենց վաստակած գումարն ստանալ: Իրենց վիճակն այնքան էլ բարվոք չի այս պահին:
Մենք գիտենք, որ շատերը հրաժարվում էին ՀՀ քաղաքացիությունից, ՌԴ քաղաքացիություն էին ձեռք բերում, քանի որ խնդիր ունեին իրենց որդիներին բանակից ազատելու: Այս հարցում կա՞ որոշակի փոփոխություն, թե շարունակում են իրենց սկսած գործը ավարտին հասցնել:
Երկու տարբերակն էլ կա. մարդ կա շարունակում է, մարդ էլ կա դադարեցրել է այդ ուղղությամբ քայլեր անելը: Հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի քաղաքացի դառնալը և զինապարտության կանգնելը ռիսկեր է պարունակում: Անհատական որոշման արդյունք է, մեր հայրենակիցները պետք է այդ ռիսկը գնահատեն, որովհետև պարզ չի, թե այդ պատերազմը դեռ ինչքան է ձգվելու: Հասկանալի է, որ ՌԴ-ում դեռ զորահավաք չի եղել, Ռուսաստանը դեռ օգտագործում է իր հատուկ ուժերը, բայց անհայտ է, թե պատերազմը երկարելու պարագայում ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ: Համենայնդեպս, մարդիկ պետք է ռիսկերը հասկանան և նաև դրանք հաշվի առնելով որոշումներ կայացնեն: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ որ երկրի քաղաքացի լինի, ինչ դրդապատճառներից ելնելով:
Արդյոք ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պետք է հրաժրվել ՀՀ քաղաքացիությունից:
Ոչ, Ռուսաստանը հիմա չի պարտադրում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, կարող են մարդիկ երկքաղաքացի լինել: Առաջ պարտադրում էր, բայց հիմա այդ պահանջը հանվել է: Թեև զինծառայությունից խուսափելու խնդիր լուծելու դեպքում, բնականաբար, ամբողջ ընտանիքը պետք է հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից: