
«Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության» հարցերի մասին ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը Երևանում հասարակական-քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակներում արժանացել է զգալի ուշադրության, դրա մի զգալի մասով էլ դիտարկման, որ այդ կերպ Միշելը բավարարել է Ադրբեջանի մոտեցումը: Մասնավորապես, փաստարկն այն է, որ Միշելը չի օգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, այլ ասել է Ղարաբաղ, որը բավականին «հարաբերական» հասկացություն է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է հայտարարում, թե չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր և չկա անգամ այդպիսի ռեգիոն: Ստացվում է, որ Միշելն իսկապես բավարարել է Ալիևի «քմահաճույքը»: Այդպես է, եթե մենք իրավիճակը և Միշելի վարքը, գործողությունները գնահատում ենք հենց ալիևյան ելակետով: Բայց, արդյո՞ք ԵԽ նախագահի համար հենց դա է ելակետը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ ապրիլի 6-ին օրինակ Միշելը չէր խոսել «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին»:
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման առնչությամբ օգտագործվել էր մեկ այլ, բավականին ընդհանրական ձևակերպում, որ հանդիպմանը կարևոր է համարվել քննարկումների սեղանին կողմերի բոլոր մտահոգությունների և հետաքրքրությունների առկայությունը: Սա իհարկե նշանակում է, որ այդ թվում նաև Արցախի հարցի առնչությամբ Երևանի դիրքորոշումներն ու դիտարկումները: Բայց, ձևակերպումը ընդհանրական էր, իսկ ահա մայիսի 22-ին Միշելը արդեն արտահայտում է շատ ավելի կոնկրետ միտք՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության հարց»: Ուրեմն, ինչու՞ է կոնկրետանում Միշելը: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ ապրիլի 6-ի ավելի ընդհանրական ձևակերպումից հետո Բաքուն հայտարարում էր, թե ոչ մի արցախյան իրավունքներ ու անվտանգություն էլ չեն քննարկել և չեն քննարկում: Եվ ահա, ԵԽ նախագահը կոնկրետացնում է նախորդ հանդիպմանը ընդհանրական ասված միտքը, թերևս որպես Ադրբեջանին ուղղված ազդակ, որ, եթե Բաքուն այս պարագայում էլ շեղվելու է համաձայնություններից, ապա հաջորդիվ արդեն Եվրամիությունը կարող է օգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, իսկ իրավունքների և անվտանգության հարցում ակնարկել ընդհուպ կարգավիճակի մասին:
Սա իհարկե գուցե ԵՄ-Ադրբեջան հարաբերության դաշտից «սերող» կոնկրետացում է, բայց հանգամանք, որը թերևս հայկական դիվանագիտությանը թույլ է տվել ստանալ իր համար կարևոր հասցեական ձևակերպում Արցախի իրավունքների և անվտանգության առումով: Ինչ խոսք, բոլորիս համար խիստ ցանկալի է, որ որևէ միջազգային դերակատար պարզապես հայտարարի Արցախի անկախության իրավունքի մասին՝ ոչ այս, ոչ այն կողմ: Սակայն, իրավիճակը քաղաքական տրամաբանությամբ դիտարկելիս, թերևս պետք է ելնել իրողություններից և հնարավորություններից, ու այդժամ բավականին պարզ կլինի, որ Միշելի հայտարարությունը մեր հետաքրքրությունների և մեզ համար էական հարցերի տեսանկյունից իհարկե քայլ առաջ է՝ հաշվի առնելով ընդհանրապես հետպատերազմական ստատուս-քվոն: Անշուշտ, մեր խնդիրներից ու նպատակադրումներից դեռևս զգալիորեն հեռու, շատ հեռու քայլ, բայց՝ քայլ, որը իր հերթին հայկական դիվանագիտության համար բացում է նոր քայլերի ճանապարհ: Ընդ որում, խոոսքը այս դեպքում վերաբերում է ոչ միայն հայաստանյան դիվանագիտությանը, այլ նաև Արցախի «իսթեբլիշմենտի», որը թերևս պետք է լրջորեն խորհի տեղի ունեցողի հանդեպ զգայական մաքսիմալիզմի տրամաբանությունից զատ, միջազգային կառույցների, այդ թվում ԵԽ համար փաստարկված քաղաքական տեքստերի ստեղծման խնդիր: