Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հանդիպման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի և «Վարշավայի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ միջև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
«Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:
Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը և կարևորել համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,- նշված է նախագահականի հաղորդագրությունում: