Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի կայցելի Պաղեստին և Իսրայել։ Այդ մասին հայտնել է թուրքական TRT հեռուստաընկերությունը։ Չավուշօղլուն կմասնակցի Թուրքիայի և Պաղեստինի արտգործնախարարների համատեղ կոմիտեի նիստին, որը ստեղծվել է երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջև՝ 2010թ․։ Նա բանակցություններ կվարի նաև իր պաղեստինցի գործընկեր Ռիադ ալ-Մալիքիի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։
Նույն օրը Չավուշօղլուն կմեկնի Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ։ Բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Տեղական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Իսրայել կլինի առաջինը պաշտոնական մակարդակով՝ վերջին 15 տարվա ընթացքում։
Չավուշօղլուն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Իսրայել այցի ընթացքում նախատեսվում է քննարկել դեսպանների վերադարձը և երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը։