
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները ողջունել է նաև ԵԱՀԿ նախագահ Լեհաստանը: Բրյուսելի առնչությամբ գնահատականները բավականին շատ են, և տեղի ունեցած հանդիպումն ու հայտարարությունները դեռ տևական ժամանակ կլինեն արձագանքի, վերլուծության առարկա: Սկզբունքորեն, հարկ է թերևս արձանագրել իրավիճակի ավելի լայն շրջանակը:
Անկասկած է, որ կովկասյան իրավիճակը և այդ համատեքստում նաև արցախյան հարցը, հայ-ադրբեջանական խնդիրը հայտնվել է երկու զուգահեռ հոսքի միջև՝ նոյեմբերի 9-ից հետո հաստատված ռուսականը, և 2021-ի աշնանից աստիճանաբար աշխուժացած արևմտյանը, որը իհարկե փոքր ինչ ավելի շերտավոր և ոչ միատարր է, սակայն ուկրաինական իրադարձություններից բխող հանգամանքների բերումով թերևս առավելապես տեղավորվում է «հավաքական Արևմուտքի» դաշտում: Այդպիսով, «հավաքական Արևմուտքը» ողջունում է Բրյուսելը: Այդ ողջույնին զուգահեռ, վերջին շրջանում հատկապես ուշադրոության արժանի հայտարարություններ հնչեցին Միացյալ Նահանգներից, թե պետքարտուղարության, թե Հայաստանում դեսպանության մակարդակով, որոնք ընդգծում էին Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը: Ավելին, Բրյուսելի հանդիպումից առաջ Բաքու հասավ Ադրբեջանի անկախության տոնի առիթով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը, որտեղ Բայդենը բավականին թափանցիկ ակնարկներ էր հղում Ադրբեջանին խաղաղության կարևորության, դրա համար պահի հասունացման մասին: ԱՄՆ համար այդ ամենն ունի թերևս բավականին շոշափելի ռազմավարական նպատակ՝ ճնշում Ռուսաստանի վրա:
Բանն այն է, որ արևմտյան դիտարկման համատեքստում, հայ-ադրբեջանական խնդրում համաձայնությունները միտված են մերձենալու այնքան, որ կմոտենան նաև կարգավիճակի հարց քննարկելուն և այստեղ էլ համաձայնության գալուն: Ռուսաստանի համար սա խնդիր է, որովհետև Արցախի կարգավիճակի հարցում էական համաձայնությունների պարագայում գործնականում «գետնից կտրվում» է կամ առնվազն այդ ռիսկի տակ է հայտնվում Ռուսաստանի խաղաղապահ մանդատը: Ռուսաստանն ի վիճակի չէ ինքը լուծել կարգավիճակի հարց, ըստ այդմ շահագրգռված է, որ այդ հարցը չլուծվի և մնա առկախված: Դա մի կողմից ապահովում է խաղաղապահ մանդատի հարցում ավելի «հուսալի» իրավիճակ, մյուս կողմից էլ ազդեցության շարունակում թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա: Իսկ դա լուծում է նաև Կովկասում ներկայության, ինչպես նաև այդ ներկայության մերձավորարևելյան կապիտալիզացիայի հարցեր: Ահա այդ պայմաններում, երբ Արևմուտքը ակնարկում է կարգավիճակի մասին, Ռուսաստանը անկասկած բավականին նյարդային է ընկալում այդ ակնարկները: Հայաստանի համար այդ իրավիճակը երկիմաստ է, որովհետև կարգավիճակի հարց բարձրացննող Արևմուտքը այդուհանդերձ այդ հարցը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում և այդ պատկերացումը բավականին հստակ էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցում:
Ամբողջ հարցն այն է, որ կարգավիճակային այդ «դրվածքը» ճանաչելու և ընդունելու պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ծուղակում:
Ինչպես կզարգանա իրավիճակը աշխարհաքաղաքական դիմակայության և նոր աշխարհակարգի ձևավորման մեծ համատեքստում, այժմ ասելը բավականին բարդ է: Հետևաբար, այսօր որևէ դրվածք «ճանաչելու» պարագայում, վաղը այն կարող է իհարկե մի կողմից լինել հոգուտ, մյուս կողմից սակայն գուցե դառնալ ծուղակ: Բայց, ահա այդ երկիմաստության պայմաններում Հայաստանի համար թեական է նաև ռուսական՝ չլուծելու մոտեցումը, հատկապես այն պարագայում, երբ միջազգային իրադրությունը որոշակիորեն բարձրացրել է Ադրբեջանի նշանակությունը թե ՌԴ, թե ԱՄՆ համար, ինչը Բաքվին տալիս է նրանց հետ սակարկության ավելի մեծ հնարավորություն: Իսկ այդ սակարկության «առարկան» բնականաբար կապված է լինում Արցախի և Հայաստանի հետ: Երևանն այժմ զբաղված է ահա Բաքվի այդ «դիխոտոմիայի» կառավարումով, առայժմ նկատելի հաջողությամբ, բայց առանց հանգստի իրավունքի: