
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին կփորձի Ուկրաինայի՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն դեմ ԵՄ երկրներին համոզել փոխել իրենց որոշումը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 23-ին հայտարարել է Դուդայի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը:
«Քննարկումների առաջնային թեմաներից կլինի Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալը»,-նշել է նա:
Կումոխի խոսքով՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները հույս ունեն կոտրել Արևմուտքի որոշ երկրների դիմադրությունը, որն անհիմն է:
Կումոխն ընդգծել է, որ խոսքն Ուկրաինայի՝ Եվրամիության անդամ դառնալու մասին չէ, այլ Ուկրաինայի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին: «Եվրոպայի հարուստ երկրներն Ուկրաինայից վախենալու ոչ մի պատճառ չունեն»,-շեշտել է նա: