
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անկախության տոնի առիթով շնորհավորական նամակ է հղել Բաքվի ղեկավար Ալիևին: Բայդենը նամակում բավականին ուշադրության արժանի ձևակերպումներով անդրադառնում է հայ-ադրբեջանական խնդրին և Կովկասի խաղաղությանը: Ավելին, այդ առումով նամակը ուշադրության է արժանի հատկապես այն պատճառով, որ փաստորեն նախորդում է Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Ադրբեջանի անկախության տոնը մոտ մեկ շաբաթ անց է, և հարց է առաջանում, ինչու՞ է «շտապել» Բայդենը, արդյո՞ք ոչ հենց Բրյուսելի հանդիպումից առաջ Ալիևին որոշակի հաղորդագրություն հղելու նկատառումով: «Այժմ հույսի ժամանակ է, որը տածում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հնարավորություն»,- գրում է ԱՄՆ նախագահը Ալիևին:
Նա շարունակում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ինտենսիվացմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական, տրանսպորտային կապի հաստատմանը, որը թույլ կտա բարգավաճել Կովկասին և Մերձկասպյան ռեգիոնին: ԱՄՆ նախագահը Ալիևին շնորհավորական նամակում այդ միտքը անմիջապես շարունակում է բավականին բազմիմաստ մեկ այլ մտքով՝ «Մենք Ադրբեջանին հրավիրում ենք կատարել նպատակային քայլեր ժողովրդավարական կառավարման և բարեփոխումների ուղղությամբ, որոնք պաշտպանում են բոլոր ադրբեջանցիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները»: Ի՞նչ նկատի ունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության հաստատմանը նպաստելու և ռեգիոնալ բարգավաճմանն աջակցելու պատրաստակամության մասին հավաստիացումն անմիջապես շարունակում է դեմոկրատական ռեֆորմների կոչով «բոլոր ադրբեջանցիների» իրավունքների և ազատությունների համար: Ի՞նչ կա «բոլոր ադրբեջանցիներ» ձևակերպման ներքո: Սա իրապես բավականին բազմիմաստ տողատակ պարունակող ձևակերպում է, որտեղ մի բան թերևս ակնառու է անկասկած՝ Բայդենն ակնարկում է, որ Ալիևն այսօր հարգում ու ապահովում է «ոչ բոլոր ադրբեջանցիների» իրավունքներն ու ազատությունները: Սա ակնարկ է Ալիևի հակաժողովրդավարական նկարագրի՞ն, ոչ լեգիտիմությա՞նը՝ ինչի խնդիրը նա փորձում է արդեն ավելի քան մեկ տարի ծածկել «ռազմական հաղթանակով», թե՞ Բայդենը սակարկելի ինչ-որ առաջարկ-ակնարկ է անում Ալիևին՝ Բրյուսելի հանդիպումից առաջ:
Միաժամանակ, Բայդենը Ադրբեջանին «շոյում» է Ուկրաինայի հարցում մարդասիրական օգնության, նաև ուկրաինական ճգնաժամի ֆոնին էներգետիկ և այլ շուկաներում կայունությանը նպաստելու կարևոր դերակատարության համար: ԱՄՆ նախագահը նաև ընդգծելով «միջազգային անվտանգության հենասյուները քանդելու» Ռուսաստանի քաղաքականությունը, ԱՄՆ աջակցությունն է հայտնում Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս հայտարարությունը ևս բավականին բազմիմաստ է իր տողատակերով և անկասկած իր մեջ ներառում է նաև արցախյան հարցը, ընդհուպ ռուս խաղաղապահների մանդատի համատեքստում, միաժամանակ իհարկե նաև փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի, որը փաստորեն Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ Կրեմլում ստորագրված վերջին միջազգային փաստաթուղթն էր: Ի՞նչ է ակնարկում կամ առաջարկում Ջո Բայդենը Ալիևին Բրյուսելից առաջ, փորձում է առաջարկել որևէ կարկանդա՞կ, թե՞ ակնարկել մտրակի մասին: Բայց գլխավորը՝ հանուն ինչի՞: Այն, որ շնորհավորական ուղերձը Բրյուսելից առաջ տեղ հասցնելը թերևս բոլորովին պատահական չէր, վկայում է հենց ուղերձի վերը բերված բովանդակային մասը: Անորոշ է մնում այն, թե ի՞նչ է ուզում կամ սպասում ԱՄՆ-ն Ալիևից Բրյուսելում: Ընդ որում, այդ ֆոնին իհարկե հատկանշական են արտահայտությունները, որ վերջին օրերին Երևանում անում է ԱՄՆ դեսպանը՝ Արցախի ապագայի հարցում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը ճանաչելու մասին, և դեսպանի այդ հայտարարությունների հանդեպ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ընդդիմախոսությունն ու գրոհները: