Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Ադրբեջանական կողմը շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ․ ԱՀ ՄԻՊ տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Պաշտպանը նշել է, որ 2021 թվականի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է 430 դիմում 510 անձանցից, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, արդար դատաքննության, տեղեկություններ, ստանալու, աշխատանքային և այլ իրավունքների:

Պաշտպանն իր ելույթում նշել է նաև, որ շարունակվել են ադրբեջանական հանցագործությունները փաստող տվյալների հավաքագրումը, դրանց վերաբերյալ առանձին արտահերթ զեկույցների հրապարակումը և դրանք` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները:

Պաշտպանի ելույթը ամբողջությամբ ներկայացված է ստորև.

Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Հարգելի խորհրդարան

Ներկաներ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 157-րդ հոդվածի և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը։

2021 թվականն Արցախի Հանրապետությունում առանձնացել է հետպատերազմական ժամանակաշրջանին բնորոշ իրավիճակներով և իրադարձություններով, որոնք իրենց անդրադարձն են ունեցել նաև մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա։ Նշված հանգամանքների ուժով որոշակի վերափոխվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը՝ ներառելով գործունեության և՛ ուղղությունները, և՛ ձևերը, և՛ բովանդակությունը:

2021 թվականին Պաշտպանի գործունեությունն ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով՝ մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրություն և քննարկում, խոշտանգումների կանխարգելում, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանություն, օրենսդրության կատարելագործում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանք և արտահերթ զեկույցների պատրաստում, մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկում:

Հաշվետու ժամանակաշրջանում ՄԻՊ հաստատությունը իրականացրել է իր կարևորագույն գործառույթը՝ անհատական դիմում-բողոքների ուսումնասիրությունը և քննարկումը: Պաշտպանի աշխատակազմն ստացել է 430 դիմում 510 անձանցից: 2020 թվականի համեմատ դիմումների թիվը աճել է 20%-ով: Պաշտպանի աշխատակազմի նստավայրում իրականացվել է մոտ 1075 ընդունելություն, աշխատակազմում գործող 116 և 6-116 անվճար թեժ գծերին ստացվել է 1000-ից ավելի հեռախոսազանգ, որոնցում բարձրացված հարցերի կապակցությամբ քաղաքացիներին տրվել է բանավոր խորհրդատվություն:

Պաշտպանին դիմումներ են հասցեագրվել Արցախի Հանրապետության բոլոր վարչատարածքային միավորներից: Ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ 2021 թվականին մայրաքաղաք Ստեփանակերտից ստացված դիմումները գերակշիռ մաս են կազմել (60%): Ստեփանակերտին հաջորդել են Քաշաթաղի (12%), Ասկերանի (10%), Մարտունու (5,5%), Մարտակերտի (5%), Հադրութի (4%), Շուշիի (3%) և Շահումյանի (0,5%) շրջանները:

Աշխատակազմ մուտքագրված դիմումների 27%-ը ներկայցվել են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, 13%-ը՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, 9%-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, 8%-ը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, 4%-ը՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, 4%-ը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի, 4%-ը՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության դեմ։ Մյուս պետական մարմինների դեմ ներկայացված դիմումները կազմում են ընդհանուրի 31%-ը։

Դիմումների զգալի մասը առնչվել է սոցիալական ապահովության իրավունքին (48%), սեփականության իրավունքին (13%), աշխատանքային իրավունքներին (10%), պատշաճ վարչարարության իրավունքին (5%), տեղեկություններ ստանալու իրավունքին (4%), ազատ տեղաշարժվելու և քաղաքացիության իրավունքին (3%), արդար դատաքննության իրավունքին (2%), առողջության պահպանման (2%), կրթության (1%) իրավունքներին և ազատություններին:

Արդար դատաքննության իրավունքի հետ կապված հիմնական խնդիրներից է մնում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման հետ կապված խնդիրը։ Ողջամիտ ժամկետի խախտման հիմնական պատճառներից են դատարանների ծանրաբեռնվածությունը, ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը և դրանից բխող փորձաքննության մարմինների ծանրաբեռնվածությունը։ Դատական համակարգում առկա կառավարման և ընթացակարգային մի շարք խնդիրների կարգավորման, դատարանների գործունեության թափանցիկության բարձրացման նպատակով պետք է Արցախում ներդրվի դատական տեղեկատվական առցանց համակարգ։ Պետք է արձանագրել, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունների ներկայացման և դատարանի կողմից բավարարման դեպքերը մեծ թիվ են կազմում: 2021 թվականին նախաքննության մարմինների կողմից ներկայացվել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 72 միջնորդություն, որոնցից բավարարվել է 63-ը: Խնդիրն ունի ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական հիմք: Մեկ այլ օրենսդրական խնդիր է կալանավորման վերաբերյալ միջնորդությունները դռնփակ դատական նիստում քննության առնելու վերաբերյալ դրույթը։ Կալանավորման կիրառման և դրա ժամկետի երկարացման վերաբերյալ գործերի դատական քննությունը պետք է տեղի ունենա ոչ թե դռնփակ, այլ դռնբաց ռեժիմով, ինչը կապահովի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գործերի դատական քննության հրապարակայնությունը։

Պատշաճ վարչարարության իրավունքի վերաբեյալ ներկայացված դիմում-բողոքները առնչվել են քաղաքացիների դիմումներին գրավոր պատասխան տալու օրենսդրական ժամկետը չպահպանելուն, պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումները չընդունելուն, պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորմանը, նրանց կողմից իրավունքների ոչ հստակ պարզաբանմանը։ Պետք է փաստել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից պատշաճ վարչարարության իրավունքի խախտումների դեպքերը տարիների ընթացքում նվազում չեն գրանցվում:

Տեղեկություններ ստանալու իրավունք։ Նույն խնդիրնեը առկա են նաև տեղեկություններ ստանալու իրավունքի մասով։ Հաղորդման մեջ արձանագրվել է, որ նշված իրավունքի իրացման շրջանակներում Պաշտպանի աշխատակազմն առնչվել է ոչ թե օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրների, բացերի, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից օրենսդրական կարգավորումներով չառաջնորդվելու կամ օրենքի պահանջները ոչ լրիվ և պատշաճ կատարելու դեպքերի: Որպես անձի պահանջած տեղեկությունները չտրամադրելու պատճառ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հիմնականում մատնանշում են իրենց ծանրաբեռնվածությունը, մինչդեռ օրենսդրությամբ նախատեսված են համապատասխան ընթացակարգեր և ժամկետներ, որոնց խախտումների համար, ցավոք, պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվում։

Ազատ տեղաշարժի իրավունքի հետ կապված ներկայացված դիմումները վերաբերել են քաղաքացիության, անձնագիր ստանալու, ինչպես նաև մի վայրի հաշվառումից հանվելու և մեկ այլ վայրում hաշվառվելու հարցերին։ Ուսումնասիրությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման հետևանքով գործնականում այդ տարածքներում քաղաքացիների հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը և ընթացակարգերը փոփոխությունների են ենթարկվել, այնուամենայնիվ իրավաստեղծ բնագավառում ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել, ինչի հետևանքով պետական լիազոր մարմինների գործունեության հայեցողական սահմանները ընդլայնվել են։

Անձնական իրավունքների պաշտպանությունն իրավապահ մարմինների գործունեության բնագավառում։ Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր դիմումներն ու ահազանգերը, ուսումնասիրությունները, ոստիկանության բաժիններ կամ իրավապահ համակարգի այլ ստորաբաժանումներ կատարած մշտադիտարկման այցերը ցույց են տալիս, որ գործնականում դիտարկվող առանձին դրսևորումների արդյունքում իրավապահ մարմինների գործունեությունը մի շարք առումներով խնդրահարույց է։ Դրական տեղաշարժերը իհարկե կան, սակայն չունեն ինստիտուցիոնալ հիմք, բազում հարցեր անարդարացիորեն թողնված են իրավակիրառողի բարեխղճությանը կամ իրավիճակային լուծումներին, դեռ շարունակում են գործել «ավանդույթներ», որոնք դառնում են մարդու իրավունքների խախտումների պատճառ: Համակարգի խնդիրներից շարունակվում է մնալ մարդուն ազատությունից զրկելու մեխանիզմի անթույլատրելի սխալներով գործելը, բերման ենթարկելը իրավունքների կոպիտ խախտումներով: Քրեական հետապնդման մարմինների կողմից դեպքի վայրի զննության ներքո խուզարկության իրականացումը անընդունելի է և վտանգում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, այլև ուղիղ հարված է հասցնում այդ քննչական գործողության արդյունքում ձեռքբերված ապացույցների թույլատրելիությանը:

Սոցիալական ապահովության իրավունքին վերաբերող դիմումները հիմնականում առնչվում էին հաշմանդամության կարգ տրամադրելու, տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների, երեխաների համար օրենքով նախատեսված նպաստ նշանակելու, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինանյութի տեսքով տրամադրվող օգնության, կենսաթոշակի վերահաշվարկի և այլ հարցերի։ Մեծ թիվ են կազմել այն բողոք դիմումները, որոնք վերաբերել են տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցություններին։ Հիմնական խնդիր էր այն, որ պետական աջակցության սոցիալական ծրագրերի շահառուների ցուցակում ընդգրկվելու դիմումների մերժումը պայմանավորված է եղել շահառու հանդիսանալու համար անհրաժեշտ նախապայմաններին չբավարարելու հանգամանքով, այդուհանդերձ մեծ թիվ են կազմել նաև այնպիսի դիմումներ, որոնք լիազոր մարմինների կողմից չեն ընդունվել տեխնիկական անճշտությունների, մասնավորապես անվան, ազգանվան սխալ մուտքագրման, ծրագրի շահագործման համակարգի ոչ հավաստի տվյալների շրջանառման և այլ պատճառներով: Հարկ է նշել, որ սոցիալական աջակցության միջոցառումների հետ կապված նմանատիպ մի շարք խնդիրներ Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ կարգավորվել են, և քաղաքացիները օգտվել են իրենց հասանելիք դրամական աջակցությունից:

Աշխատանքային իրավունքներին առնչվող դիմումները վերաբերել են աշխատանքային պայմանագիրն անհիմն լուծելուն, առանց իրավաչափ հիմքի հաստիքների կրճատմանը, վերջնահաշվարկ չտրամադրելուն, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման նկատողություններ տալուն։ Աշխատանքային իրավունքների խախտումները մեծ մասամբ արձանագրվել են գործատուների կողմից օրենսդրության սխալ կիրառման հետևանքով: Ընդ որում, նկատվել է միտում, երբ գործատուներն աշխատանքից ազատելու անհատական իրավական ակտի ոչ իրավաչափության փաստն ընդունելուց հետո շարունակում են միջոցներ չձեռնարկել դրանց հետևանքով առաջացած խախտումները վերացնելու ուղղությամբ: Գործատուները շատ դեպքերում աշխատողների հետ միջանձնային տարաձայնությունների, աշխատողների վարքագծի՝ սեփական պատկերացումներին հակասելու դրդումներով որոշումներ են կայացնում՝ փորձելով դրանց ձևական կողմը տեղավորել աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչն ինքնին առաջ է բերում իրավական պետության համար անցանկալի հետևանքներ:

Կրթության իրավունք։ 2021 թվականին կրթության իրավունքի իրացման վրա իր հետքն են թողել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները: Ուսումնական հաստատությունները ստիպված անցել են ուսումնական գործընթացի կազմակերպման հեռավար ռեժիմի, ինչը ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ՝ ուսուցման մեթոդիկայի բացակայություն, սոցիալական անհավասարություն, կրթության որակի վատթարացում: Հատկապես բազմազավակ ընտանիքներում երեխաների մասնակցությունը հեռավար ուսուցման գործընթացին գրեթե անհնար էր ապահովել ընտանիքում երեխաների քանակին համապատասխան անհրաժեշտ սարքերի՝ հեռախոսների, պլանշետների կամ համակարգիչների բացակայության պատճառով, ինչի հետևանքով երեխաները իրենց վրա զգացել են սոցիալական անհավասարության բացասական դրսևորումներ: Ավելին, հանրապետությունում համացանցային կապի հասանելիության անբավարար մակարդակը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը։ Արցախի Հանրապետության սահմանային համայնքներում կրթության իրավունքի իրացմանը խոչընդոտել է նաև թշնամու ագրեսիվ վարքագիծը: Որոշ ուսումնական հաստատություններում ակնհայտ սպառնալիքների ազդեցության ներքո, մարդու ֆիզիկական անվտանգության անմիջական վտանգի առկայության պայմաններում, ուսումնական գործընթացը պարբերաբար ընդհատվել է։

Կրթության իրավունքի իրացման դժվարությունների հետ շարունակում են բախվել կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող երեխաները։ Թեև հանրապետությունում 2010 թվականին օրենսդրությամբ կատարված փոփոփոխություններով ներդրվել է ներառական կրթությունը, առ այսօր ոլորտում առկա են գործնական և օրենսդրական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են գլխավորապես մասնագիտական կարողությունների զգալի պակասով, նյութատեխնիկական պայմանների սղությամբ, կարգավորող օրենսդրության թերություններով և հասարակության կարծրատիպերով:

Սեփականության իրավունքի բնագավառում բողոքներ են ներկայացվել բռնի տեղահանված անձանց բնակարանների տրամադրման, վերաբնակեցման ծրագրերով, ինչպես նաև զինծառայողների բնակելի տուն կամ բնակարան հատկացնելուն, նախնական համարժեք փոխհատուցմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատման կամ վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրմանն ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Արցախի Հանրապետությունում սեփականության իրավունքի պաշտպանության վիճակի մշտադիտարկման ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հատուկ ուսումնասիրության առարկա են եղել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում 2021 թվականի հունիսի 29-ի ՀՕ-75-Ն օրենքով լրացված և փոփոխված կարգավորումները: Մասնավորապես, կատարված ուսումնասիրությունների հիման վրա Պաշտպանն արձանագրել է, որ, ըստ էության, օրենքով սահմանված կարգավորումները պետք է բխեն Սահմանադրությամբ և Քաղաքացիական օրենսգրքով՝ որպես գույքային հարաբերությունները կարգավորող համակարգված ակտի, սահմանված ընդհանուր և ելակետային դրույթներից, չպետք է նախատեսեն այդ դրույթներից տարբերվող՝ օրենքով չնախատեսված հատուկ կարգավորումներ: Հատուկ ընդգծվել է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածով և Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դրույթների պահպանմամբ, համաձայն որոնց գույքի օտարումը կատարվում է օրենքով սահմանված կագով և պայմաններում, գույքի օգտագործման դիմաց տրվող վճարի հետ կապված հարաբերությունները՝ որպես գույքի օտարման գործընթացի էական տարր, պետք է կարգավորվեն օրենքով: Վերոգրյալից բացի՝ անհրաժեշտ է, որ սահմանված իրավակարգավորումները համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ինչը ենթադրում է անձի սեփականության իրավունքին միջամտելու վերաբերյալ նրա պատշաճ և հիմնավոր տեղեկացվածություն և տարբեր շահերի համադրման համատեքստում իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն: Հաշվի առնելով, որ կատարված փոփոխությունները դեռևս չեն կիրառվում՝ ենթադրելի է, որ կիրառման ընթացքում առաջանալու են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լինելու են ՄԻՊ աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

Ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների, կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում Արցախի ՄԻՊ հաստատության հնարավորությունները սահմանափակվել են պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական ագերսիայի և Շուշի քաղաքի բռնազավթման հետևանքով Շուշիի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և շարունակել պատիժը կրել կամ կալանքի տակ գտնվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներում: Թեև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով սահմանված՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում իրականացվել է նշված անձանց իրավունքների և ազատությունների մշտադիտարկում, այնուամենայնիվ առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և կապ պահպանելու իրավունքի լիարժեք իրագործման, դատապարտյալների և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը և հատկապես օրենսդրությամբ պաշտպանական կողմի համար սահմանված իրավունքների իրացման տեսանկյունից։

Ձերբակալվածների պահման վայրում պահվող և հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված, Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները 2021 թվականի ընթացքում պարբերական չհայտարարված այցեր են իրականացրել վերոնշյալ հիմնարկներ, արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ իրավասու մարմիններին ներկայացվել են առաջարկություններ բնագավառում առկա համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ։ Խիստ կարևոր է շարունակում մնալ հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային անմխիթար պայմանները, Ոստիկանության ստորաբաժանումներում գործող ձերբակալվածների պահման վայրերի շենքային ու օրենսդրությամբ սահմանված պայմանների բացակայությունը։

2021 թվականին հատկապես կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները հասարակության և պետական մարմինների մշտական ուշադրության տակ պահելու ու համատեղ ջանքերով այդ խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկման տեսանկյունից։ Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը։ Այս ոլորտում, ի թիվս այլ հարցերի, պետք է հատուկ անդրադառնալ ֆիզիկական միջավայրի մատչելիության հետ կապված սահմանափակումներին, պետք է նշեմ, որ այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, ներկայացված խնդիրների մեծամասնությունը շարունակում է պահպանվել։ Ավելին, որոշակի դիտարկումներ ցույց են տալիս, որ նոր կառուցվող շենքերում ևս չի պահպանվում հաշմանադամություն ունեցող անձանց մատչելի միջավայրի համար սահմանված չափանիշները։

Պաշտպանի ուշադրության կենտրոնում է եղել նաև երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Դրական առումով պետք է արձանագրել, որ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունը 2021 թվականի ապրիլին տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակում է իր գործունեությունը։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար այցեր է իրականացնում և փորձում իր լիազորությունների շրջանակում լուծումներ տալ առկա խնդիրներին։ Հաշվետու տարում հրապարակվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին արտահերթ զեկույցը, որը կատարված վերլուծությունների հիման վրա գործադիրին է ներկայացվել 171 առաջարկություն։

Բռնի տեղահանված անձինք։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 000 անձ, ինչը պայմանավորել է այդ անձանց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված իրավունքների՝ սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության և ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող այլ իրավունքների զանգվածային և աննախադեպ խախտումների, որոնց հետևանքները բռնի տեղահանված անձինք կրել են նաև 2021 թվականի ողջ ընթացքում: Տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից մշտադիտարկման այց են կատարել տեղահանված անձանց կենտրոնացված բնակության հաստատություններ, հավաքագրել խնդիրներն ու դրանք ներկայացրել պետական լիազոր մարմիններին։ Չնայած պետության կողմից ներդրված մեծածավալ ջանքերի, բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուքների և մի շարք այլ հարցերի։

2021 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել են նաև նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներ։ Ուսումնասիրվել և վերլուծվել են 3 տասնյակից ավելի ակտեր, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում ՄԻՊ հաստատությունը նպատակ է ունեցել նպաստել մարդու իրավունքների լավագույն պաշպանության և կանոնակարգման ենթակա իրավահարաբերությունների մարդակենտրոն ուղղվածության ապահովմանը։

2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ցուցակների պարբարաբար թարմացումները և դրանք՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիներին և միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները։ Միևնույն ժամանակ ակտիվ և օպերատիվ աշխատանքներ են տարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կապտագույն խախտումները փաստագրելու և դրանք միջազգային ատյաններին ներկայացնելու ուղղությամբ։ Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանի հաստատությունը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով, ներկայացրել դեպքերի մանրամասներն ու նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։

2020թ. նոյեմբեր ամսից սկսած Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվել են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցել բնակելի տների և այլ շինությունների պատերը, պատուհանները։ Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը, որի հետևանքով սպանվում են մարդիկ, խախտվել և ճնշվել են մարդու գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքներ:

Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը տարբեր մեթոդների կիրառմամբ շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ՝ նպատակ հետապնդելով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և ստիպելու մարդկանց լքել իրենց բնակավայրերը։

Ընթացիկ տարում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական մշակութային ժառանգությունը. Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգը» արտահերթ զեկույցը, «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց` կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» միջանկյալ զեկույցը, «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ» միջանկյալ զեկույցի թարմացված տարբերակը: Պատրաստված բոլոր զեկույցները տարածվել են Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ։

Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը Պաշտպանը դիտարկում է որպես օրենսդրությամբ օմբուդսմանի ինստիտուտին վերապահված գործառույթների ու խնդիրների իրականացման կարևորագույն պայման և միջոց: Առանձնակի նշանակություն է տրվել Պաշտպանի և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջև համագործակցությանը, որը հիմնականում իրականացվել է դիմումների փոխանակման, հանդիպումների, համատեղ հայտարարությունների միջոցով:

ՄԻՊ գործունեության կարևորագույն ուղղություններից է համագործակցությունը Սփյուռքի և միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի», Ամերիկայի «Հայ իրավաբանների միության», Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության, Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի և մի շարք այլ կառույցների հետ:

Համագործակցության առանցքում եղել և շարունակում է մնալ միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ վարվող հայատյաց քաղաքականությունը և դրա հետևանքները ներկայացնելը: Այս համատեքստում հեռավար կերպով մասնակցել ենք տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիպումների և քննարկումների, մոտ 200 հասցեական նամակներ են հղվել միջազգային գործընկերներին, Պաշտպանը հանդես է եկել տեսաուղերձներով:

2021 թվականին Պաշտպանի աշխատակազմը հրապարակել է մոտ 150 մամուլի հաղորդագրություններ, որոնք լայն տարածում են ստացել ինչպես Արցախի և Հայատանի Հանրապետությունների, այնպես էլ միջազգային զանգվածային լրատվության միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում