Այն պնդումները, թե Ղազախստանում սահմանադրական հանրաքվեն անձեռնմխելիություն կապահովի հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամներին, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Stopfake հարթակը, որը ստեղծվել է Ղազախստանի տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարության աջակցությամբ՝ ոչ ճշգրիտ տեղեկատվության դեմ պայքարելու նպատակով։
Մեղադրանքները հերքել է նաև արդարադատության նախարարությունը․ «Սահմանադրության փոփոխությունների նախագծով Ղազախստանի առաջին նախագահին և նրա ընտանիքին նոր երաշխիքների տրամադրում չի նախատեսվում, ընդհակառակն, առաջարկվում է բացառել բոլոր նորմերը, որոնք վերաբերում են Ղազախստանի առաջին նախագահի կարգավիճակին»։
Ապրիլի 29-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի Ժողովրդական Ասամբլեայի նստաշրջանում առաջարկել է հանրաքվե անցկացնել սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ամրապնդվում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը։