Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրադարձությունները զարգանում են թափով։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրը իտալական «Ռոմայի» հետ ավարտվում է հուլիսի 1-ին։ Այն չերկարաձգելու պարագայում նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Եվ ահա, այսօր հայտնի դարձավ, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են միանգամից 4 ակումբներ։ Իտալացի ճանաչված լրագրող Ալֆրեդո Պեդուլան տեղեկություն է տարածել, որ Մխիթարյանը հավանական է կարիերան շարունակի Միլանի «Ինտերում»։ Վերջինիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին տպավորված է Մխիթարյանի խաղով և ամեն գնով ցանկանում է աշխատել հայ ֆուտբոլիստի հետ։ Նույն աղբյուրի համաձայն Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Աստոն Վիլլան» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ Պեդուլայի տեղեկությունների համաձայն Մխիթարյանը դեռևս համաձայնության չի եկել «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգելու շուրջ։ Ըստ ամենայնի հենց սա է պատճառը, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել է միանգամից 4 ակումբների դիտակետում։
Կվերադառնա՞ արդյոք Մխիթարյանը Լոնդոն։ Հիշեցնենք, որ 2018/2019 թթ նա ելույթ է ունեցել Լոնդոնը ներկայացնող մեկ այլ թիմում՝ «Արսենալում»։ Մխիթարյանը մոտ օրերս կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Մայիսի 10-ին նման տեղեկություն էր Corriere dello Sport- հայտնում է, նշելով, որ Հռոմի թիմը հայ ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ աշխատավարձի կրճատման պայմանով։ Մասնավորապես, «Ռոման» պատրաստ է տարեկան 2 մլն եվրո վճարել։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նույն աղբյուրի համաձան հայ ֆուտբոլիստին և նրա ընտանիքին դուր է գալիս Իտալիայի մայրաքաղաքը, և կողմերի միջև համագործակցության շարունակականության հավանականությունը գնահատվում է բավականին բարձր։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» հետ պայմանագիրը պետք է երկարաձգեր դեռևս ապրիլին, բայց․․․։ Ծանր հիվանդությունից հետո 54 տարեկան հասակում մահացավ նրա գործակալը Մինո Ռայոլան։ «Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։
Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում» ։Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- այս տարվա ապրիլին նշել էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ «Ռոմայում» կարիերան շարունակելու մտադրության մասին մասին խոսել էր նաև Մխիթարյանը մասնավորապես ասելով․ «Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է:Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պայմանագրի երկարաձգման շուրջ Մխիթարյանի և «Ռոմայի» միջև բանակցությունները համենայն դեպս իդեալական ընթացք չունեն։
Ակնհայտ է, որ պայմանագրի ավարտից 40 օր առաջ Մխիթարյանը կաիրերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Հռոմը ներկայացնող մեկ այլ ակումբ՝ «Լացիոն»։ Ակնհայտ է թերևս մի բան․ պայմանագիրը չերկարաձգելու պարագայում ակնհայտորեն կտուժի «Ռոման»։ Վերջինս առանց ֆինանսական փոխհատուցման կկորցնի Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին։ Բնական է, որ մյուս ակումբները ամեն ինչ կանեն առանց գումարներ ծախսելու Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու համար։