Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Արցախյան երկրորդ պատերազմը՝ որպես 2022թ․ ուկրաինական ճգնաժամի աշխարհաքաղաքական նախադրյալ. Վանատուր Շերենց

2020թ․ Արցախյան երկրորդ կամ 44-օրյա պատերազմից հետո ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումը հակամարտության միջազգայնացման ու համաշխարհային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների խորապատկերին դարձավ քաղաքագիտական և ակադեմիական շրջանակների քննարկման առարկա, քանի որ խորքային առումով ոչ թե «հատուկ գործողություն» էր, այլ էքսպանսիոնիստական լայնամասշտաբ պատերազմ: Երկրորդ աշխարհամարտից հետո Հին աշխարհամասում ծավալված այս խոշորագույն էսկալացիան քաղաքական խոսույթից և առաջատար մամուլից առժամանակ դուրս մղեց արցախյան օրակարգը, ինչի արդյունքում այդպես էլ հիմնավոր պատասխան չտրվեց այն հարցին, թե աշխարհաքաղաքական ինչպիսի նախադեպերի և նախադրյալների պայմաններում ծնվեց ռուս-ուկրաինական պատերազմը:

Անշուշտ, ի տարբերություն Արցախի՝ Դոնբասն առավել մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ ածխի հանքակուտակ է, քիմիական արդյունաբերության ու մեքենաշինության կենտրոն, որի ենթակառուցվածքները կառուցվել են դեռևս Ռուսական կայսրության և ԽՍՀՄ տարիներին՝ դոնբասյան ավազանը դարձնելով Ռոստովի շրջանի Արևելյան Դոնբասի ջերմաէներգետիկ բազա: Մյուս կողմից, Կրեմլը Դոնբասի խնդիրը կապել է Մարիուպոլի գրավմամբ ցամաքային ճանապարհով Ղրիմի հետ հաղորդակցվելու, դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը կասեցնելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից 1975թ․ Հելսինկյան եզրափակիչ ակտի մոդեռնիզացման փորձերը ձախողելու հետ: Այլ ձևակերպմամբ՝ միջպետական հարաբերությունների սկզբունքների անհամաձայնությունն Ուկրաինան դարձրել է Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության կենտրոն, ընդ որում, այն պարզ պատճառով, որ հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ռազմական մեքենայի կասեցման դերը հաջողությամբ կարող էր ստանձնել հենց Ուկրաինան՝ «ազատ և ժողովրդավար աշխարհի պաշտպանության» դիմաց վաստակելով արագացված ընթացակարգերով եվրաինտեգրվելու իրավունքը:

2020թ․ Արցախյան 2-րդ և 2022թ․ ռուս-ուկրաինական պատերազմների էությունը հասկանալու համար նախ պետք է պատասխանել այն հարցին, թե արդյոք այս լայնամասշտաբ էսկալացիաները խորքային առումով կարող են նույնականացվել, եթե որպես ելակետ ընդունվի այն կանխադրույթը, որ երկու հակամարտություններն էլ բխում են Ռուսաստանի միամոտեցում պատկերացումների շրջանակից։ Այլ կերպ ասած, արդյո՞ք Այսրկովկասն ու Ուկրաինան ռուսակենտրոն ինտեգրացիոն նախագծերի մեջ ընդգրկելու կրեմլյան ծրագրերն են ընկած հետխորհրդային տարածաշրջանում Արցախի ու դոնբասյան «հանրապետությունների» կարգավորման հարցը ռազմական ճանապարհով լուծելու հիմքում, թե՞ տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարներից զատ սեփական հստակ ծրագրերն ունեն նաև պատերազմի թատերաբեմի վերածված փոքր դերակատար Հայաստանը, Ադրբեջանն ու Ուկրաինան և ունակ են անշեղորեն իրագործելու առաջադրած խնդիրները։

Անշուշտ, արտատարածաշրջանային ուժերը՝ գլխավորապես միացյալ Արևմուտքը, Խորհրդային Միության փլուզումից, հատկապես չեչենական երկու պատերազմների և Վլադիմիր Պուտինի կայսերապաշտ ու հավակնոտ իշխանության գալուց հետո կուլիսային լուռ համաձայնությամբ հետխորհրդային երկրների (բացառությամբ մերձբալթյան երեք հանրապետությունների)՝ ռուսաստանահենք միավորումների ինտեգրացիոն գործընթացների խորացման թողտվության հաշվին Մոսկվայի հետ շահավետ պայմաններով բանակցություններ են վարել ու վառելիքաէներգետիկ գործարքներ կնքել։ Դա ամենևին չի նշանակում, թե Եվրամիությունն իր արևելաեվրոպական քաղաքականության երկարաժամկետ պլանավորմամբ չի զբաղվել ինտեգրացիոն կոնտրմիավորների ձևավորմամբ, ինչպես օրինակ 2008թ․ Արևելյան գործընկերության ստեղծումը, կամ թե ռուս-ուկրաինական ճգնաժամում պետք է բացառել Արևմուտքի կողմից նրբանկատորեն Ռուսաստանին քայքայիչ պատերազմի մեջ ներքաշելու մտադրությունը, մանավանդ որ արևմտյան քաղաքական էլիտաների շրջանում թարմ են Բաշար ալ-Ասադին հեռացնելու օպերացիան ձախողելու ու Ռուսաստանին Սիրիայում հյուծել չկարողանալու վերաբերյալ հիշողությունները:

Հարկ է նկատել, որ որոշ մասնագետների կարծիքով, օրինակ ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Արցախյան երկրորդ պատերազմն ամենից շատ նմանություններ ունի Սիրիական պատերազմի հետ, իսկ հետխորհրդային տարածաշրջանը վաղուց արդեն վերածվել է «հետհետխորհրդային» տարածաշրջանի, որի առաջին դրսևորումն ամենևին էլ Արցախը չէ [1]: Միացյալ Նահանգների փորձագիտական համայնքում տարածված կարծիքի համաձայն՝ այսրկովկասյան երկրներն ուշադրությամբ հետևել են Ուկրաինայի հարցում Արևմուտքի արձագանքներին՝ վերանայելով իրենց անվտանգային և արտաքին քաղաքականությունները, ինչի արդյունքում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում Ուկրաինայի հետհեղափոխական զարգացումներն ու Ռուսաստանի ռեակցիան ընկալվել է որպես երկկողմանի սողացող ագրեսիա: Ավելին, այդ փորձագետներն ուկրաինական ճգնաժամից դեռևս մեկ տարի անց կանխատեսել էին, որ ամբողջ Հարավային Կովկասում ռուսական զորախմբի տեղակայումը «եռման» վիճակում է պահելու Ուկրաինան [2]:

Ըստ էության, 2016թ․ Քառօրյա պատերազմը, որի գլխավոր նպատակն Այսրկովկասում լարվածության ու ապակայունացման միջավայրի ձևավորումն էր, տրամաբանորեն հաջորդում էր ուկրաինական հեղափոխությանը, Ղրիմի ու Դոնբասի իրադարձություններին, որոնք էլ իրենց հերթին անկայունության պատճառ էին դարձել միջերկրածովյան գոտում և ամբողջ Արևելյան Եվրոպայում։ Ընդ որում, կրեմլյան մարտավարության խորքային նպատակը ոչ միայն դասական հիբրիդային պատերազմն էր՝ ուղղված հետխորհրդային երկրների ինքնանկախ քաղաքականությունների զսպմանը, այլև նախապատրաստական աշխատանքների պլանավորումն ու քայլերի հստակեցումը՝ տնտեսական միջազգային պատժամիջոցների ու քաղաքական մեկուսակցման պայմաններում լայնամասշտաբ նոր պատերազմներով մինչև 2024թ․ մարտի նախագահական ընտրությունները եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն ավարտին հասցնելու նպատակով։

Այլ կերպ ասած՝ թե՛ Արցախյան երկրորդ, թե՛ ռուս-ուկրաինական 2022թ․ պատերազմների հիմքում ընկած էր հետխորհրդային տարածքում նոր ձևաչափերով ռուսաստանահենք ինտեգրացիայի խորացման խնդիրն ու եվրասիականության վերաիմաստավորումը, որի համար կենսական անհրաժեշտություն էր անկայունությանը, քաոսին ու անորոշությանը նպաստող պայմանների ձևավորումը, բայց որ առավել կարևոր է, անվտանգային ճարտարապետության կազմաքանդումն արագացնող գործոնների համակարգային կիրառումը, քանի որ անհնար է հաջող պատերազմ վարել, եթե նախապես չի ձևավորվել տոտալ անկայունության միջավայր։

Արցախի պարագայում Ուկրաինան խնդիրը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, քանի որ օբյեկտիվորեն ունի Ղրիմի թերակղզու ու դոնբասյան անջատողականության խնդիր, իսկ Հայաստանն ուկրաինական ճգնաժամում առավելապես կարևորում է իր անվտանգային համալիրը՝ շեշտադրում կատարելով թուրք-ուկրաինական ռազմա-քաղաքական ընդլայնվող համագործակցության վրա:

Ընդ որում, Կիևում լիարժեքորեն վերլուծություններ չէին կատարվել՝ գիտակցելու, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը ենթադրելու էր, այսպես կոչված, Լավրովի պլանի համաձայն Արցախում ռուսական զորախմբի տեղակայում ու այսրկովկասյան երկու հանրապետությունների նկատմամբ ազդեցության լծակների աննախադեպ մեծացում։ Ավելին, Արցախում ստատուս քվոյի փոփոխությամբ, հակամարտության առժամանակ սառեցմամբ ու խաղաղապահ առաքելության անվան տակ ռազմական ներկայության հաստատմամբ Ռուսաստանը լուծում էր հարավային դարպասների փակման ու արևմտյան պատուհանների բացման հարցը՝ ուշադրությունը կենտրոնացնելով սլավոն ազգակցի ազգային ու պետական ինքնության ինստիտուտները ջնջելու վրա։

Այս տեսանկյունից մանիֆեստային էին ՌԴ նախագահի հոդվածն ու պատերազմի մեկնարկին ուղեկցող հեռուստաուղերձը, որոնցով, փաստացի, հարևան երկիրը հռչակվում էր «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա»։ Ըստ էության, պատմական ակնարկների վկայակոչմամբ հագեցած նյութերը ոչ թե վարպետության դաս էին, այլ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչելու ու գործող սահմանների իրավաչափության հարցը կասկածի տակ դնելու հիմնավորում, քանի որ ըստ ՌԴ ղեկավարի՝ խորհրդային Ուկրաինան ձևավորվել էր ռուսական տարածքների անհիմն օտարման հաշվին։

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես էր «ապանացիֆիկացման ու ապառազմականացման» տեսանկյունից հիմնավորվում Ուկրաինայի վերաձևավորման անհրաժեշտությունը, փետրվարի 24-ի ներխուժման պլան Ա-ի գաղափարական առանցքն ու հեռագնա նպատակն ամբողջական Ուկրաինայի ենթարկումն էր ու վերադարձը ռուսական ազդեցության տիրույթ։

Հարկ է նկատել, որ գաղափարական ապարատի հիմնավորումների տեսանկյունից ռուսական ներխուժումն ուղեկցվում էր այն խոսույթով, որի համարժեքն ադրբեջանական քարոզչամեքենան վարում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. այսպես, եթե բուն ռևանշիստական վրեժխնդրությունը մասնակիորեն թաքցնելով Ալիևն իր քաղաքական կարիերայի խոսույթը ձևավորում էր Արցախն ազատագրողների գործած «ահաբեկչական ակտերի» ու «ղարաբաղյան կլանի» դատապարտման վրա, իսկ պատերազմի անմիջապես նախօրեին միջազգային հանրության առջև բացահայտ խոսում էր «էթնիկ զտումների», «հայկական նացիզմի», «նժդեհական ազգայնամոլության», «խաղաղ բնակչության թիրախավորման», «բանակցային գործընթացը վիժեցնելու» և «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չկատարելու» մասին [3], ապա Պուտինի հռետորաբանության առանցքն «ուկրաինական շովինիզմի» լիկվիդացումն էր, Դոնբասի ռուսալեզու բնակչության «ցեղասպանության» կանխարգելումը, Մինսկի բանակցությունների արդյունքում Կիևի ստանձնած պարտավորությունների անտեսումն ու «ահաբեկչական խմբավորումների» (որպես օրինակ՝ «Աջ սեկտոր» միավորումը) հրատապ զինաթափումն ու հակամարտության՝ բանակցային եղանակով լուծելու անհնարինությունը:

44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակն ու դաշնակից երկրների գործուն աջակցությունը (հատկապես Թուրքիա, Իսրայել, Միացյալ Թագավորություն) էական դեր խաղացին Ուկրաինայի իշխանությունների կողմնորոշման հարցում: Ըստ Ա. Մարկեդոնովի և Կ. Մակիենկոյի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ ռազմի դաշտում հետախուզական-հարվածային «Bayraktar TB2» անօդաչուների միջոցով օդային գերակայություն հաստատելու հանգամանքն ու պատերազմից կարճ ժամանակ անց Ուկրաինայի կողմից թուրքական արտադրության ԱԹՍ-ների ձեռքբերումը Կիևում դիտարկվել է որպես արցախյան դիպաշարը Դոնբասում կրկնելու ձևանմուշ [4]: Տարածված է նաև տրամաբանորեն մոտ, բայց հակառակ դատողություն առաջ քաշող այն կարծիքը, ըստ որի՝ Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուների ձեռքբերումը պարզապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ զինատեսակն արդեն իսկ փորձարկվել էր դաշտում և ապացուցել իր արդյունավետությունը, ավելին՝ Արցախյան երկրորդ պատերազմը ստիպել էր վերանայել պատերազմի տեխնոլոգիական բաղկացուցիչը [5]:

Բայցևայնպես, գիտական գրականության համեմատությունից զատ պետք է նկատել, որ պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Կամենսկին ադրբեջաներենով կատարած գրառմամբ շնորհավորել էր Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության ավարտը կարևոր քայլ էր հետխորհրդային տարածքում սառեցված այլ հակամարտությունների հաղթահարման համար ևս, քանի որ Ուկրաինային ավելի է մոտեցնում հաղթանակին: Ավելի վաղ՝ 2021թ․ փետրվարին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը, Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակում խոսելով առևտրա-տնտեսական և քաղաքական երկկողմ համագործակցության մասին, նշել էր, որ Ուկրաինան միշտ հավատարիմ է եղել այն հստակ դիրքորոշմանը, որ պետք է սատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և իրենք երախտապարտ են Բաքվին համանման աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ պատրաստակամ են մասնակցելու «ադրբեջանական ազատագրված տարածքների» վերականգնմանը:

Հետևապես, կարելի է եզրակացնել, որ Կիևում մի կողմից արթնացավ Բաքվի օրինակով տարածքային ամբողջականությունը վերականգնելու հույսը, մյուս կողմից՝ հավանական համարվեց արտաքին դերակատարների, այդ թվում՝ Արցախյան 2-րդ պատերազմի ելքի վրա էական ազդեցություն ունեցած Թուրքիայի ներգրավման հնարավորությունն ու ռազմաքաղաքական աջակցությունը: Ընդ որում, սա ամենևին չի նշանակում, որ ինչպես 2020թ․ հուլիսյան, այնպես էլ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում և ռազմագործողությունների դադարից հետո Ուկրաինան անվերապահորեն աջակցել է Բաքվին։ Այդուհանդերձ, 2022թ․ հունվարին Զելենսկին Ալիևի հետ ստորագրեց համատեղ հռչակագիր, որի համաձայն երկրները պետք է ջանքեր գործադրեն դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին: Հարկ է նկատել, որ Ուկրաինայի որդեգրած քաղաքականության պատճառը ո՛չ հայաֆոբիան է, ո՛չ էլ արտգործնախարարի տեղակալի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով ստացած արձագանքները: Ավելին, միամտություն է համաձայնել որոշ փորձագետների այն կարծիքին, թե տավուշյան դեպքերի ընթացքում հուլիսի 15-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց ՀՅԴ երիտասարդական թևի կազմակերպած բողոքի ակցիան, կամ որ առավել ցցուն օրինակ է, Ղրիմի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 68/262 բանաձևի քվեարկության ժամանակ Հայաստանի արտահայտած պրոռուսական դիրքորոշումն է հայ-ուկրաինական հարաբերությունների հետընթացի պատճառը [6]: Խնդիրն Ուկրաինայի կողմից տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության ճանաչումն է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Ընդ որում, թեպետ պաշտոնական Կիևը Ղրիմի վերադարձի հարցը փորձում է կապել նաև թյուրքալեզու թաթարների իրավունքների պաշտպանության հարցերին՝ հակամարտությանն ավելի լայն հնչեղություն հաղորդելու ակնկալիքով, բայցևայնպես, թաթարական գործոնն ընդամենը գործիք է՝ արաբական երկրների և հատկապես Թուրքիայի ուշադրությունն ու ներգրավվածությունը խթանելու առումով: Իրապես շահագրգռված լինելով տեղաբնիկ փոքրամասնության հիմնախնդիրներով՝ Կիևը բազմաթիվ հարցեր կարող էր լուծել մինչև 2014թ․:

Ս․ Մանասյանն իր վերլուծությամբ իրավացիորեն նկատում է, որ 2008 և 2012թթ․ էլ Ուկրաինան է ՄԱԿ-ի ԳԽ քվեարկությունների ընթացքում աջակցել պրոադրբեջանական բանաձևերին, սակայն երկու տարի անց հայկական կողմի քվեարկությունը ոչ թե վրեժխնդրություն էր, այլ Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլ, քանի որ Ղրիմի հանրաքվեն նախադեպ էր ստեղծում Արցախի համար, բայց որ առավել կարևոր է, Հայաստանի քայլը Ռուսաստանի ռազմական աճող ներուժի խորապատկերին «ինքնապահպանման բնազդ» էր [7]։ Հետևապես անկախ այն հանգամանքից, որ 2014թ․ մարտի 27-ին Հայաստանը դեմ կարտահայտվեր ու կմիանար նման տեսակետ ունեցող մյուս 10 երկրներին, թե ոչ, Ուկրաինան Եվրամայդանից հետո այլևս նախկին Ուկրաինան չէր և ազգային առաջնահերթություններից ու պետական շահից դրդված՝ միջազգային ասպարեզում առաջ էր մղելու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման օրակարգը՝ փորձելով ոչ միայն այս հարցի վրա բևեռել միջազգային հանրության ուշադրությունը, այլև ակտիվորեն ներգրավվել բոլոր այն երկրների պայքարում, որոնք Ուկրաինայի հետ հատվող շահեր ունեն և իրենց հերթին պայքար են մղում տարածքային ամբողջականության կամ անջատողականության դեմ (որպես օրինակ՝ Ադրբեջանն ու Մոլդովան): Ընդ որում, եթե անգամ Արցախի հարցով հայկական կողմի դիվանագիտական խոսույթում ազգերի ինքնորոշման իրավունքը փոխարինվի «անջատում հանուն փրկության» սկզբունքով, ո՛չ Ուկրաինայի նախագահի, ո՛չ ԱԳՆ-ի հռետորաբանությունը խորքային առումով փոփոխության չեն ենթարկվելու, քանի որ «անջատում հանուն փրկության» սկզբունքը ևս ենթադրում է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն:

Հիմնական գործոններին ածանցյալ երկրորդական գործոնների շարքում կարևոր է առանձնացնել քաղաքական առաջնորդի անձի դերն ու հրապարակային հռետորաբանությունը: Թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում ու Արցախում նախագահական (մայիսի 25, 2014թ,, մարտի 31, 2019թ․) ու խորհրդարանական (դեկտեմբերի 9, 2018թ․) ընտրությունների արդյունքում իշխանության եկել են լիբերալ գործիչներ, որոնք ոչ օրգանական կապ են ունեցել, ոչ էլ ֆինանսավորվել և հովանավորվել են Մոսկվայի կողմից: Ավելին, ռուսական իշխանությունների գնահատականով՝ փողոցային պայքարով ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներով նրանք իշխանափոխության են հասել Արևմուտքի գործուն աջակցությամբ, որը դրսևորվել է ոչ կառավարական կազմակերպությունների կոորդինացիայի, սոցիալական ցանցերի մեդիա մանիպուլյացիաների ու ժամանակակից PR տեխնոլոգիաների գործիքակազմի համադրման արդյունքում:

Հայաստանի և Ուկրաինայի դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի համատեքստում հանրության լայն զանգվածներին այս ամենը ներկայացվել է կոնսպիրոլոգիական դյուրամարս տեսությունների և ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» դեմոնիզացիայով: Ավելին, այս ամենը մատուցվել է հայկական և ուկրաինական կառավարության շրջանում իբրև թե տիրող ռուսաֆոբիայի քննադատությամբ՝ պատերազմներում պարտության մեղքը բարդելով ազգային իշխանությունների վրա:

Ըստ Ս. Չեռնյավսկու՝ խորհրդային գաղութատիրական անցյալի դեմ պայքարը, անկախ պետականաշինության նկրտումները, բազմավեկտոր քաղաքականության հռչակումը, ինչպես նաև հեղափոխական սկզբունքները բանակցային օրակարգ բերելը, պաշտպանության նախարար Տոնոյանի պահանջատիրական հռետորաբանությունն ու Նիկոլ Փաշինյանի՝ իրավիճակին չտիրապետելն ու ուժերը գերագնահատելն էին ինչպես պատերազմի վերսկսման, այնպես էլ պարտության պատճառները [8]:

Ադրբեջանցի հետազոտող Աղազադեն ևս համակարծիք է, որ 2019թ․ մարտին Նյու Յորքում Տոնոյանի հնչեցրած «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» արտահայտությունը եղել է սադրիչ՝ լարվածության կուլմինացիա համարելով Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից 2020թ․ օգոստոսի 25-31-ին Արցախի զորամասերից մեկում արցախցի 15 կանանց համար կազմակերպված մարտական պատրաստության յոթնօրյա դասընթացը: Աղազադեն, ըստ էության, Հայաստանի պարտության հիմնավորման ակնկալիքով կրկնում է նաև այն թեզերը, որոնք առաջ է քաշում ռուսական քաղաքական և ակադեմիական հանրույթը՝ Փաշինյանին մեղադրելով հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների առանցքային ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցելու, ինչպես նաև Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները խորացնելու արդյունքում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար [9]:

Թեպետ հետխորհրդային երկրներում հեղափոխությունների բուն պատճառը եղել է սոցիալական անհավասարության ու անարդարության դեմ հասունացած ներքին բողոքը, ինչպես նաև քաղաքացիական ազատությունների լիարժեք իրացման անհնարինությունը, ինչի օբյեկտիվ գնահատականը մեծապես բացակայում է ռուս-ադրբեջանական ուսումնասիրություններում, բայցևայնպես, չպետք է բացառել Արևմուտքի շահագրգռվածությունը՝ հանրային ընդդիմադիր տրամադրությունները բորբոքելու միջոցով հասնելու Ռուսաստանի դիրքերի ու հակագլոբալիստական հայացքներ ունեցող կոնսերվատիվ շրջանակների թուլացման:

Հարկ է նկատել, որ անձի դերի ու հրապարակային հռետորաբանության համեմատության համատեքստում ոչ այնքան պետք է համեմատվեն ՀՀ վարչապետ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որքան Փաշինյանն ու Պորոշենկոն, որովհետև եթե Փաշինյանն իշխանության եկել է «Իմ քայլը» և «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնություններով ու համանուն ֆրակցիայի ձևավորման միջոցով հեղափոխությունը կապել իր անվան հետ (որպես օրինակ՝ բացառությամբ առանձին գործիչների ներգրավման, հատկապես 44-օրյա պատերազմից հետո Թավշյա հեղափոխության շահառու չեն հեղափոխության մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը և այլն), ապա Զելենսկին կապ չունի ոչ փողոցի, ոչ առավել ևս Արժանապատվության հեղափոխության հետ:

2014թ․ ուկրաինական իրադարձություններից հետո Եվրամայդանի տրամադրությունների շարունակողը Պորոշենկոն էր, ով խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ իր քարոզարշավը կառուցեց ընդդեմ Ռուսաստանի պատերազմի հռետորաբանության վրա ու ջախջախիչ պարտվեց Զելենսկուն, ում քարոզչությունը կառուցված էր Ռուսաստանի հետ երկխոսության ու խաղաղության թեզերի վրա: Փաստացի, Ուկրաինայի 2019թ․ նախագահական ընտրություններում ի դեմս Զելենսկու առաջադրվել էր մարդ, ով ամեն գնով ցանկանում էր բացառել պատերազմն ու Ռուսաստանի հետ գնալ բովանդակային երկխոսության: Այլ կերպ ասած՝ Ուկրաինան քվեարկել էր հանուն խաղաղության ու մերժել պատերազմի ու պրոակտիվ հակառուսականության քարոզիչ Պորոշենկոյի օրակարգը: Սակայն Փաշինյանին ու Զելենսկուն նույնացնում են քաղաքական անշրջահայաց ձևակերպումները, որոնցից հակառակորդները մեծապես օգտվեցին՝ լեգիտիմացնելու ինչպես Հայաստանի ու գլխավորապես Արցախի, այնպես էլ Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան:

Փաշինյանի առաջին և ամենալուրջ սադրանքը 2019թ․ օգոստոսի 5-ին կազմակերպված հանրահավաքի ընթացքում հնչեցրած «…ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր: Արցախի պատկանելիության ու կարգավիճակի վերաբերյալ պատկերացումների այս խտացումը կրկնակի գրգռիչ էր, քանի որ բարձրաձայնվեց ոչ թե Երևանում, այլ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Պակաս կարևոր չէ նաև 2020թ․ հուլիսին հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում տեղի ունեցած ռազմական բախումը, որն ակնհայտորեն ավարտվեց հայկական կողմի հաջողությամբ ու Ազգային հերոսի կոչումների շնորհմամբ, մինչդեռ Ադրբեջանում հետևեց Ռահիմ Ղազիևի ձերբակալությունն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը:

Զելենսկու պարագայում պաշտոնական Մոսկվան սադրիչ որակեց 2020թ․ փետրվարին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ելույթը (մասնավորապես՝ Բուդապեշտի հուշագրի վերանայման հարցը, որով Ուկրաինան 1994թ․ կամավոր կերպով հրաժարվել էր ատոմային զենքից) և Ղրիմի հարթակի ձևավորումը, իսկ այդ համատեքստում՝ 2021թ․ օգոստոսի 23-ին անցկացրած գագաթնաժողովը: Ուկրաինայի նախագահի գրասենյակի և ԱԳՆ-ի համատեղ ջանքերով ստեղծված դիվանագիտական այս նախաձեռնությունը, ըստ էության, համախմբում էր ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Մեծ յոթնյակի երկրներին՝ Ղրիմի վերադարձը փորձելով կազմակերպել 5 հիմնական ուղղություններով: Մյուս կարևոր գործոնը Զելենսկու մակարդակով բրիտանական «Financial Times» թերթին տված հարցազրույցում բարձրաձայնված այն հայտարարությունն էր, թե անհրաժեշտ է վերաշարադրել Մինսկի համաձայնագրերն ու Միացյալ Նահանգներին ներգրավել «նորմանդական ձևաչափի» բանակցություններում: Ընդ որում, Ուկրաինայի նախագահը նման առաջարկով հանդես էր գալիս այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն էր բողոքի նոտա բարձրացնում դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ՝ պահանջելով երկրորդ աշխարհամարտից ու Սառը պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի պահպանում ու անվտանգության երաշխիքներ:

Բայցևայնպես, Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական, իսկ Ուկրաինայի դեմ՝ ռուսական նախահարձակ ռազմագործողությունները որևէ կերպ չեն կարող արդարացվել քաղաքական խոսույթի և հռետորաբանության հիմնավորմամբ, քանի որ մի կողմից՝ սադրանքը քաղաքագիտական կատեգորիա չէ, իսկ մյուս կողմից՝ թե՛ Հայաստանն ու Արցախը և թե՛ Ուկրաինան ենթարկվել են ավտորիտար ռեժիմների ինտերվենցիայի: Այսինքն անհամեմատ ավելի ժողովրդավար երկրներն իրենց լեգիտիմ քաղինստիտուտներով բախվել են ժողովրդավարության ճգնաժամի խնդիրներին, որը գործնականում դրսևորվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից ժողովրդավարական հասարակարգերի դեմ իրականացված ռազմական ագրեսիայով ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով: Այս տեսանկյունից կարևոր է նկատել, որ Ուկրաինայում պատերազմական գործողությունների նման ծավալը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ մեկուկես տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի ագրեսիան չդատապարտվեց իրավունքի ուժով։ Թեպետ անմիջապես պատերազմի մեկնարկից Հայաստանի իրավաբանական համայնքը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի գլխավորությամբ ակտիվորեն լծվեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործին, սակայն, խոշոր հաշվով, գործադրված ահռելի ջանքերն անարդյունավետ էին միջազգային դատական ատյանների ու իրավապաշտպան կառույցների քաղաքականացված, կոռումպացված բնույթի ու իրավունքի գերակայության սկզբունքի ճգնաժամի հետևանքով։ Մյուս կողմից՝ գրեթե բոլոր այն հարցերով, որոնցով Հայաստանը դիմում էր միջազգային ատյաններին, նույնաբովանդակ պահանջներով դիմում էր նաև ագրեսոր կողմը՝ Ադրբեջանը։ Որպես օրինակ՝ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պատերազմի սկզբին միջանկյալ միջոցներ կիրառելու համար դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ 2021թ․ հունվարի 15-ին և փետրվարի 1-ին՝ մուտքագրել համապատասխանաբար «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները (Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզների տրամադրման հունիսյան գանգատը դիտարկվել էր որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս)։

Մյուս կողմից, միջազգային հարաբերություններում ոչ այնքան կարևոր է արդեն իսկ հրահրված պատերազմի ընթացքում իրավական մեխանիզմների արդյունավետության չափումը, որքան միջազգային հանրության կողմից ագրեսիաների կանխարգելումը, մինչդեռ թե՛ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ամբողջ ընթացքում գերակայում էին անհասցե քննադատություններն ու զսպվածության կոչերը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման դիրքորոշումները բխում են անաչառ մոտեցում ապահովելու անհրաժեշտությունից, մինչդեռ զոհին ագրեսորից չտարանջատելու պրակտիկան ուղղակիորեն տեղավորվում է այն իրողության մեջ, որ Արևմուտքն Արցախյան հակամարտությունը չի համարել և չի համարում համաեվրոպական անվտանգությանը սպառնացող վտանգ, որն էլ իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանն Արևմուտքում չեն ընկալվում Եվրոպայի մաս: Նույն օրինակով եվրաընտանիքի լիարժեք անդամ չընկալվեց նաև Կիևը՝ հիմնավորմամբ, թե Ուկրաինայում արևմտյան զինուժի տեղակայումը, օդային տարածքի փակումը կամ ՆԱՏՕ-ի անդամակցումը կարող են հանգեցնել միջուկային պատերազմի, մինչդեռ նման ստանդարտները չեն տարածվում ՆԱՏՕ-ի անդամակցությանը դիմած Շվեդիայի ու Ֆինլանդիայի վրա:

Ավելին, միջազգային հանրությունը լեգիտիմ ճանաչեց նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները՝ անտեսելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցնում նաև նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող Շուշիի և Հադրութի շրջանները: Արդյունքում ադրբեջանական կողմը, Ռուսաստանի հետ նախապես կատարած համաձայնություններից ելնելով հասավ նրան, որ հենց պարտված ու հյուծված, ագրեսիայի զոհ դարձած կողմը խոսի ու ձգտի միակողմանի խաղաղության դարաշրջան բացելու օրակարգին: Սա այն կարևոր գործոնն էր, որը 2022թ․ փետրվարին Ռուսաստանը փորձելու էր տեղայնացնել Ուկրաինայում՝ Կիևից պահանջելով թե՛ դոնբասյան ինքնահռչակ հանրապետությունների ու Ղրիմի միացման ճանաչում, թե՛ խաղաղության պայմանագրի կնքում՝ ըստ կապիտուլյացիա հիշեցնող կրեմլյան պահանջների: Երկրորդ, միջազգային հանրության կողմից լեգիտիմ ճանաչվեց նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա պայմանավորված է հայաթափման հնարավորությունը բացառելու Արևմուտքի մտավախություններով կամ այն հանգամանքով, որ Արցախի հարցում համանախագահող երկրների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) շրջանում կոնսենսուս կա:

Ինչպես իրավացիորեն նկատում է Ստանիսլավ Պրիտչինը, Արցախի հարցում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի միջև առճակատման անհրաժեշտություն չկա, քանի որ մի կողմից՝ համեմատաբար հատվող շահեր ունեն, իսկ մյուս կողմից՝ ի տարբերություն Վրաստանի կամ Ուկրաինայի՝ Արցախը Ռուսաստանին լեգիտիմությամբ է օժտում որպես միջնորդ երկիր՝ Արևմուտքի հետ հաղորդակցության հարթակ ստեղծելով այն ժամանակ, երբ Արևմուտք-ՌԴ հարաբերությունները գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա: Իսկ ահա Էմիլ Ավդալիանիի կարծիքով՝ Արցախում բացակայում էր Արևմուտքը, բայց Ռուսաստանը ստիպված էր միջամտել՝ կանխելու Հարավային Կովկասում աճող թուրքական ազդեցությունը: Իրականում սա ոչ այնքան բախում էր, որքան բախման կանխարգելում՝ ի շահ համագործակցության, քանի որ ինչպես հենց ինքը՝ Ավդալիանին է նկատում, պակաս կարևոր չէր նաև երկաթուղիների վերահաշագործման ու առհասարակ տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը [10]:

Պատերազմից առաջ Թուրքիայի հետ երկխոսության գնալով՝ Ռուսաստանը փորձեց որոշակիորեն խեղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ Սիրիայի օրինակով Արևմուտքին դուրս մղելով բանակցություններից ու տարածաշրջանից: Այս տեսանկյունից ճիշտ է նկատում Գ․ Ավետիքյանը՝ նշելով, որ պատերազմի ընթացքում Թուրքիայի գործողությունների հետևանքով կար «արցախյան հակամարտության հետխորհրդայնության սիմվոլիկ վերջաբանի» տպավորություն, և Ռուսաստանը շրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, սակայն դժվար է համաձայնել հեղինակի հետ այն առումով, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական կողմերի միջև դարձավ գրեթե միանձնյա միջնորդ [11]։ Նման պնդումը չափազանց խոցելի է երկու հիմնավորմամբ․ նախ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկում իրականացնում է Աղդամի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, երկրորդ՝ պատերազմից անմիջապես հետո հատուկ ներկայացուցիչների մակարդակով նոր թափ է ստացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հնարավորություն է ընձեռել Թուրքիային ոչ միայն ուղիղ խոսելու Հայաստանի հետ, այլև առաջ քաշելու հայ-ադրբեջանական օրակարգը՝ ըստ թուրք-ադրբեջանական սինքրոն նախապայմանների։

Արևմուտքի դիրքերը սահմանակցող շրջաններում նվազագույնի հասցնելու ռուս-թուրքական ռազմավարությունը գործեց նաև Ուկրաինայում. խզելով իր կապերն Արևմուտքի հետ՝ Ռուսաստանն Ուկրաինայի հարցում համագործակցության գնաց Թուրքիայի հետ՝ էականորեն բարձրացնելով Անկարայի կշիռն ու հեղինակությունը՝ որպես համեմատաբար չեզոք մեդիատոր երկիր: Թուրքիայի հետ միջազգային քաղաքականության համանման ներդաշնակեցումը բխում էր տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3 ձևաչափի» տրամաբանությունից:

Արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտության շնորհիվ ռուսական քարոզչամեքենան Կրեմլին հավատարիմ ընդդիմադիր լոկալ ուժերի շուրթերով հնարավորություն ստացավ Օվերտոնի պատուհան բացել՝ Արցախում հանրաքվեի միջոցով ՌԴ կազմ մտնելու, իսկ Հայաստանում՝ Միութենական պետության մաս կազմելու խոսույթի շահարկմամբ: Ըստ էության, Ռուսաստանը, օգտվելով Հայաստանի ինքնիշխանության խոցելի դրությունից, Մոսկվային լոյալ գործիչների կտրուկ ակտիվացմամբ հանդես եկավ անկախության մասնակի զիջման դիմաց անվտանգության երաշխիքների ապահովման առաջարկով: Առհասարակ հայ-ռուսական դարավոր առնչակցությունների և երեսնամյա միջպետական հարաբերությունների ողնաշարը եղել և շարունակում է մնալ հայ-թուրքական թնջուկը՝ պայմանավորված թուրքական պետության կողմից հայերի նկատմամբ պետականորեն որդեգրված ու հետևողականորեն իրականացված հայրենազրկման, ցեղասպանության ու ժխտողականության քաղաքականությամբ: Նախ ռուսական իշխանություններն անկյունաքարային այս գործոնի մասին քաղաքագիտական գերազանց պատկերացում ունեն, երկրորդ, նրանց հիշողությունում դեռևս թարմ է խորհրդային հայի հոգեբանական ընկալումները, քանի որ անգամ Խորհրդային Միության փլուզման և Արցախյան շարժման տարիներին Ստեփանակերտում և Երևանում կոնսոլիդացված հայությունը Կրեմլից ոչ թե պահանջել է անկախություն և հայցել քաղաքական վեկտորի փոփոխության թույլտվություն, այլ ձգտել է հասնել ԽՍՀՄ կազմի ներսում ԼՂԻՄ-ի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման՝ իր բողոքը բարձրացնելով Արցախի հարցով 1921-1923թթ․ ընդունված որոշումների դեմ: Հայաստանում և Արցախում Օվերտոնի պատուհանի բացմամբ հանրային տրամադրությունների զարկերակը ստուգելուց ու պատասխան ուժգին ռեակցիա չստանալուց հետո նույն տրամադրությամբ Ռուսաստանը գրոհեց նաև Ուկրաինայի հարավը՝ Խերսոնի մարզը հանրաքվեի միջոցով փորձելով դուրս բերել Ուկրաինայի կազմից ու ցամաքային կապ ապահովել Ղրիմի թերակղզու հետ: Այլ կերպ ասած՝ Կրեմլը հարևան երկրներին առաջարկում է անվտանգություն՝ փոխարենը պահանջելով անկախության, ինքնիշխանության ու ինքնուրույնության նշաձողերի իջեցում, մինչդեռ անկախության զիջմամբ ոչ միայն հնարավոր չէ լուծել անվտանգության խնդիրը, այլև, ընդհակառակը, ինչպես վկայում է պատմական փորձը, անկախության կորուստն ուղղակիորեն ենթադրում է անվտանգության ու ազատության կորուստ։ Ընդ որում, եթե անվտանգությունը կյանքի ու արժանապատվության, ապա ազատությունն ինքնության ու բովանդակության երաշխավոր է, մինչդեռ թե՛ Հայաստանում և Արցախում, թե՛ Ուկրաինայում 1991թ․-ից ի վեր անկախության անվտանգության ու ազատության հայեցակարգերը զուրկ են եղել ինքնաբավության տրամաբանությունից և 30 տարի մաս առ մաս ձևախեղվել, զիջվել ու վաճառվել են։ Ի տարբերություն Ուկրաինայի, որը հետխորհրդային ժամանակաշրջանում տևական ժամանակ փորձել է անվտանգային նոր ճարտարապետություն ստեղծել՝ սահմանադրորեն ամրագրելով, որ որևէ ռազմական կառույցի չի միանալու և պահպանելու է չեզոքություն, Հայաստանը ոչ միայն կասկածի տակ չի դրել ՀԱՊԿ-ին անդամակցելու իրավացիությունը, այլև անվտանգության նոր երաշխիքների ակնկալիքով ինտերգրվել է նաև ռուսական տնտեսական նախագծերում։ Որպես օրինակ՝ 2013թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Ս․ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց Երևանի՝ Մաքսային Միությանը միանալու պատրաստակամության մասին, ինչին հաջորդեցին իշխանությանը սերտաճած փորձագիտական համայնքի հայտարարություններն այն մասին, որ կառույցին անդամակցելով՝ Հայաստանը լուծում է անվտանգային միջավայրի պահպանման հարցը՝ ուղղակիորեն հղում կատարելով արցախյան հարցին։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, ո՛չ ինտեգրացիոն միավորումները, ո՛չ ՀՀ-ՌԴ երկկողմ պայմանագրերը գործնականում որևէ կերպ չնպաստեցին հայկական կողմի դիրքերի ամրապնդմանը, ավելին՝ անվտանգային երաշխիքների հիմնավորմամբ հապճեպ որոշումն արդարացրած Ս․ Սարգսյանը երեք տարի անց՝ 2016թ․ ապրիլին, ստիպված էր ինքնուրույն կանխել Քառօրյա պատերազմի հետագա էսկալացիան ու իրատեսական ուղիներ փնտրել՝ ընդդիմության ահագնացող քննադատությունների խորապատկերին կորցրած վարկանիշը վերականգնելու ուղղությամբ։ Հետևաբար, Հայաստանում տարակուսանք պետք է առաջացնի ոչ թե այն, որ Ուկրաինան արցախա-ադրբեջանական հակամարտության բոլոր փուլերում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ որ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ, ՀՀ դե ֆակտո դաշնակից Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսն են քաղաքականապես աջակցել, իսկ պատերազմից հետո շնորհավորել Բաքվին։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 2020թ․ Արցախյան և 2022թ․ ռուս-ուկրաինական պատերազմները Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական կերպափոխումների ու աշխարհակարգի փոփոխությամբ միջազգային հարաբերություններում նոր դեր ստանձնելու հեռահար նպատակներ է հետապնդում և բխում եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնությունների տրամաբանությունից, ինչի համար Կրեմլը բարձր խաղադրույք է կատարել ու պատրաստ է վա բանկ գնալ: Այլ ձևակերպմամբ՝ Ռուսաստանը Հայաստանը, Արցախը, Ադրբեջանն ու Ուկրաինան դիտարկել և շարունակում է դիտարկել ոչ թե որպես հետխորհրդային երկրներ, այլ ազդեցության գոտի, որտեղ անհրաժեշտ է վերականգնել խարխլված դիրքերը, այդ թվում՝ կոշտ ուժի կիրառմամբ: Ընդ որում, եթե Ուկրաինայում «ռուսական աշխարհի» պաշտպանության անվան տակ կոշտ ուժը գործադրվեց անմիջապես ՌԴ ԶՈւ միջոցով, ապա Արցախում և Հայաստանում ագրեսիան տեղի ունեցավ միջնորդավորված՝ թուրք-ադրբեջանական զինված հարձակումների հավանությամբ:

Ռուսաստանի համաձայնության ու թողտվության մասին են վկայում Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ԶՈՒ 4 ներխուժումները՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածի ուղղությամբ 2020թ․ հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) և Սյունիքի մարզի Գորիս համայնքի (հիմնականում Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատված) ուղղությամբ 2021թ․ մայիսին և Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ՝ 2022թ․ մարտին: Ըստ էության, Կրեմլի վարած քաղաքականությունը վկայում է ոչ այնքան այն մասին, որ նախատեսվում է այս կամ այն ձևաչափով ու նոր մոդելավորմամբ հետխորհրդային երկրների կոնսոլիդացիա, որքան այն մասին, որ Խորհրդային Միության դե յուրե փլուզումից հետո հետխորհրդային երկրները Կրեմլից դե ֆակտո անկախություն ձեռք չեն բերել՝ կաշկանդված լինելով խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած էթնիկ-տարածքային հիմնախնդիրներով:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

[1] Iskandaryan A. The Second Karabakh War, or the First Post-Post-Soviet War // Institute for Security Policy. Working Paper. Vienna 2020. Pp. 13-14.

[2] Van Metre L., G. Gienger V., and Kuehnast K. The Ukraine-Russia Conflict Signals and Scenarios for the Broader Region // Special Report 366. United States Institute of Peace. March 2015. P. 7.

[3] ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթների հիմնական շեշտադրումները, «Լույս» հիմնադրամ, 9 դեկտեմբերի, 2020, էջ 2-4:

[4] Буря на Кавказе // Д. Барри, Г. М. Дерлугьян, А. М. Искандарян, М. Казалет, А. В. Лавров, К. В. Макиенко, С. М. Маркедонов, Л. А. Нерсисян, Р. Н. Пухов, Д. В. Тренин, К. Хас, М. Ю. Шеповаленко; под редакцией: Р. Н. Пухова. Москва: Центр анализа стратегий и технологий, 2021. Сс. 33, 41-42.

[5] Bivainis A. Multi-dimensional assessment of the Second Nagorno-Karabakh War // Security and Defence Quarterly. 2/2022. Volume 38. War Studies University, Poland.

[6] Korzeniowska-Bihun A. Ukrainian Discourse on the Armenia–Azerbaijan Conflict // Caucasus Strategic Perspectives. Volume 1. Issue 2. Winter 2020. Pp. 146-147.

[7] Minasyan S. Armenia in the Context of the Ukrainian Crisis: a New Finlandization? // Caucasus Institute Policy Brief. Yerevan. January 2015. Pp. 3-4.

[8] Чернявский С. И. Нагорно-Карабахский конфликт в контексте меняющейся региональной геополитики // Проблемы постсоветского пространства. 2021; 8(3). Сс. 343-344, 348-349.

[9] Агазаде М. М. Вторая карабахская война: кто на самом деле победитель? // Постсоветские исследования. Том 4. № 2. 2021. Сс. 120-123.

[10] The Karabakh Gambit: Responsibility for the Future // edited by Turan Gafarli and Michael Arnold. TRT Research Centre. November 2021. Pp. 137-138, 159-160.

[11] Аветикян Г. Война 2020 года в Нагорном Карабахе: региональное измерение // Пути к миру и безопасности. ИМЭМО имени Е.М. Примакова РАН. 2020. № 2(59). Сс. 186-187.

Վանատուր Շերենց

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության XX դպրոցի շրջանավարտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում