Մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանի հետ:
Նրա խոսքով՝ երեք հայկական կուսակցություններից երկուսն ունեն թեկնածուներ, Ռամկավար ազատական կուսակցությունն այս անգամ թեկնածու չունի: «Անցյալ անգամ թեկնածու ուներ, որը ես էի, բայց այս անգամ թեկնածությունս չառաջարկեցի: Այս անգամ ՌԱԿ-ը սատարեց ավանդական մյուս կուսակցությունների՝ հնչակյանների և դաշնակցականների թեկնածուներին: Լիբանանի հայ համայնքը 100 տարի ավանդական կուսակցություններ է պահել, միություններ է պահել, ոչ թե անհատներ: Դրա հիման վրա է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը իր կենտրոնական վարչությունը որոշեց սատարել ավանդական կուսակցությունների թեկնածուներին: Սա է օրինական ու ազգային կեցվածքը: Հուսով ենք, որ այդ թեկնածուները կհաջողեն, արդյունքները կտեսնենք մայիսի 16-ին:»