Apple ընկերության բաժնետոմսերը երեկ աննախադեպ անկում են ապրել այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ ընկերության բազմամյա ղեկավար և նրա հաջողությունների հիմնական հեղինակ Սթիվ Ջոբսը լքում է իր պաշտոնը: Ինչպես հաղորդում է Mashable կայքը, ընկերությունը կորցրել է կապիտալիզացիայի մոտ 7%-ը: Նշվում է, որ աննախադեպ անկման պայմաններում դադարեցվել է բաժնետոմսերի վաճառքը: Այն վերականգնվել է քիչ անց, իսկ վերջնական անկումը եղել է $20` կազմելով $356:
Հրաժարականի դիմումը ներկայացրել է Ջոբսը` նշելով, որ անհապաղ թողնում է իր պաշտոնը: «Ես միշտ ասում էի, որ գալու է մի օր, երբ ես արդեն ի վիճակի չեմ լինելու կատարել իմ պարտականությունները և բավարարել սպասումները, և որպես Apple ընկերության ղեկավար ես առաջինը դա ձեզ պետք է ասեի: Ցավոք, այդ օրը եկավ», նշվում է հայտարարության մեջ: Նա խորհուրդ է տվել հետևել նախօրոք մշակված ծրագրին և ղեկավարի պաշտոնում նշանակել Թիմ Քուքին, որն իր բացակայության ժամանակ կատարել է Apple-ի ղեկավարի պարտականությունները:
Հիշեցնենք, որ Ջոբսն արդեն այս տարվա հունվարից գտնվում էր արձակուրդում` կապված ծանր հիվանդության հետ: 2004թ. նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, և նա մի քանի անգամ բուժման կուրսեր է անցել, որոնք էական արդյունք չեն տվել: