Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում է: «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետին ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Ասեն քաղաքի Բոսկամպ գերեզմանոց, նա շրջայց կկատարի Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:
Վարչապետն այցելել է Ժոզեֆ եկեղեցի, որտեղ նրան դիմավորել է Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Բացումը մեկնարկելու է Աբովյան մշակութային միության ներկայացմամբ, որից հետո կլինեն ելույթներ, մասնավորապես, ելույթ կունենան թանգարանի տնօրեն Հարրի Թրյուպան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: