1986 թվականին պաշտոնանկ արված նախկին դիկտատոր, հանգուցյալ Ֆերդինանդ Մարկոսի որդին ջախջախիչ հաղթանակ է տարել Ֆիլիպինների նախագահական ընտրություններում։ Այս մասին են վկայում երեքշաբթի՝ մայիսի 10-ի առավոտյան, Ֆիլիպինների ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների ավելի քան 90%-ի հաշվարկի տվյալները։
64-ամյա Ֆերդինանդ «Բոնգբոնգ» Մարկոս կրտսերը հավաքել է մոտ 30 միլիոն ձայն, ինչը կրկնակի ավելի է, քան իր մրցակից Լենի Ռոբրեդոյի ձայները, որը երկրի գործող փոխնախագահն է: Մարկոսի հետ նախագահի պաշտոնի համար պայքարում էր նաև Սառա Դուտերտե-Կարպիոն՝ երկրի ներկայիս նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը, ով նույնպես առաջ է անցել իր մրցակիցներից։
Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հաղթանակը նշանավորում է 36 տարի անց Մարկոսների կլանի իշխանության վերադարձը։ 1986-ին նրանք աքսորվեցին, իսկ Ֆերդինանդ Մարկոս ավագը տապալվեց ժողովրդական իշխանության հեղափոխության արդյունքում:
Դուտերտեի ավտորիտար ռեժիմից 6 տարի անց իրավապաշտպանները, կաթոլիկ եկեղեցին և վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Մարկոս կրտսերը կդառնա ավելի ինքնակալ առաջնորդ, քան վերջերս հրաժարական տված Դուտերտեն։ Վերջինս 6 տարի կառավարելուց հետո՝ նախորդ տարի, հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։