Իրանի և Շվեդիայի քաղաքացի, գիտնական Ահմեդ Ռայզա Ջալալին իրանական դատարանի կողմից մահապատժի է դատապարտվել՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտի բժիշկ և դասախոս Ջալալին ձերբակալվել է 2016 թվականի ապրիլին՝ Իրանում։ Նա մահապատժի է դատապարտվել իսրայելական արտաքին հետախուզության՝ «Մոսադի» հետ համագործակցության և լրտեսության համար։ Գիտնականը մեղավոր է ճանաչվել նաև իրանցի միջուկային ֆիզիկոսների սպանությանը առնչություն ունենալու մեջ։ Որոշումը հաստատվել է Իրանի Գերագույն դատարանի կողմից՝ 2017թ.։
2018 թվականին Շվեդիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Շվեդիայի իշխանությունները Ջալալիին քաղաքացիություն են շնորհել։ Այդ ժամանակ ակադեմիկոսը արդեն ձերբակալված էր։