
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատսախանել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը
Պարոն Թունյան, ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,6%-ով ավելացել է: Ինչպե՞ս եք սա գնահատում, թե՞ ավելին էիք սպասում:
Այո, 2021 թվականի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 9,6 տոկոսով աճել է, ինչն, իհարկե, դրական ցուցանիշ է, սպասելի ցուցանիշ է և դա մասամբ պայմանավորված է այս տարվա առաջին եռամսյակում մեր տնտեսության դրական զարգացումներով: Մյուս կողմից սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում մենք անկումային դինամիկա ունեինք: Ես հույս ունեմ, որ այս աճի տեմպին գոնե մոտ տեմպ հնարավոր կլինի պահպանել, որովհետև, հանուն արդարության, պետք է նշել, որ տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումները որոշակի կոնկրետ ռիսկեր են ստեղծել մեր տնտեսության համար, ինչը չի կարող չանդրադառնալ նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Բայց պետք է ամեն ինչ անել, որ այդ բացասական ազդեցությունները հասցնենք նվազագույնի:
Առևտրի շրջանառությունը եռամսյակային տվյալներով աճել է 7.6% -ով: Որքանով է սա պայմանավորված Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակով:
Առևտրի շրջանառության 6,7 տոկոսանոց աճը տնտեսական ակտիվության ընդհանուր աճին համահունչ զարգացում է և այս առումով սխալ կլինի դա պայմանավորել մասնավորապես, Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններով կամ Ռուսաստանի տնտեսական վիճակով: Այսինքն այստեղ խոսքը ոչթե Հայաստան-Ռուսաստան առևտրի մասին է, այլ մեր երկրի ներքին առևտրաշրջանառության մասին:
Դոլար-եվրո գահավիժումն ինչով է պայմանավորված և արդյոք սա վտանգ չէ՞ տեղական արտադրողների և բնակչության համար:
Ես ինս կխուսափեի փոխարժեքի տատանումն անվանել գահավիժում: Մենք ունենք դրամի արժևորում, որը պայմանավորված է ինչ-ինչ գործոններով, այդ թվում արտաքին առևտրի հաշվեկշռով, այդ թվում Հայաստան եկող դրամական հոսքերով: Հարց է, թե արդյոք սա վտանգ չէ տեղական արտադրողների ու բնակչության համար: Տեղական արտադրողների, մասնավորապես, արտահանողների համար ազգային արժույթի ուժեղացումը որոշակի դժվարություններ է ստեղծում, իրենց մրցունակության վրա բացասաբար է ազդում: Բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ սա նաև կապված է ուղղակիորեն Հայաստան ներմուծվող ապրանքների գների հետ: Այսինքն եթե դոլարը կամ ռուբլին թանկանում են, այդ արժույթով ներկրված ապրանքների գները դրամային արտահայտությամբ աճում են: Այս դեպքում տեղական արտադրողները տուժում են որոշ չափով, բայց բնակչությունը որպես սպառող կարող է շահել:
Այս առումով պետական քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված, քանի որ փոխարժեքն անմիջականորեն կապված է գներիմակարդակի ու գների կայունության հետ: Այսինքն լուծումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի տնտեսական ակտիվությանը մաքսիմալ քիչ վնաս հասցնեն, միաժամանակ գնաճային երևույթները կանխեն:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք վտանգ չէ փոխարժեքի այս տատանումները տեղական արտադրողների համար, ապա ասեմ, որ վտանգ կլինի տնտեսական առումով բոլորի համար, եթե քաղաքական իշխանությունը փորձի միջամտել Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալ գործունեությանը: Այդ դեպքում կունենանք ռեալ խնդիրներ:
Որքանով է ճիշտ Կենկտրոնական բանկի որդեգրած այս քաղաքականությունը:
Ես ինձ իրավունք չեմ վերապահում և ցանկություն չունեմ գնահատել ԿԲ-ի գործունեությունը: Համարում եմ, որ Կենտրոնական բանկը պրոֆեսիոնալ ու քաղաքականապես անկախ կառույց է և վստահում եմ իրենց պրոֆեսիոնալիզմին, իրենց պարկեշտությանը: Համոզված եմ, որ ԿԲ-ի գործողությունները համարժեք են ստեղծված զարգացումներին: Այսինքն հարկ եղած դեպքում կլինի միջամտություն, կկիրառվեն տարբեր գործիքներ:
Իհարկե դրամավարկային քաղաքականությոունը վարում է, գների կայունությաամբ, փոխարժեքի հարցերով զբաղվում է Կենտրոնական բանկը, բայց ԿԲ-ն սինխրոն աշխատում է կառավարության ու Ազգային ժողովի հետ: հենց այսօր մենք Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, պատգամավորների ու տնտեսվարողների մասնակցությամբ քննարկում ենք ունեցել, որի ընթացքում խոսել ենք փոխարժեքի շուկայում վերջին զարգացումների և դրանց ազդեցությունների մասին, ինչպես նաև եթե կարիք լինի լրացուցիչ գործիքների կիրառման մասին, որը թույլ կտա տնտեսվարողներին ապահովագրել իրենց փոխարժեքների կտրուկ տատանումներից: