ԱՄՆ փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի առաջ ունեցած ելույթում խոսել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, պատասխանելով կոնգրեսականների հարցին: Նա ասել է, որ պարբերական կապի մեջ է թե Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Հակամարտության վերսկսում կանխելու ԱՄՆ ջանքը անշուշտ գնահատելի և ողջունելի է, սակայն կան բաներ, որոնք հարկ է հասկանալ, ջանքը, դրա մասշտաբը, բնույթը պատկերացնելու համար, որպեսզի լինի հասկանալի՝ Բլինքենն ընդամենը ներամերիկյան քաղաքականության տրամաբանության համատեքստում հայտարարություններ է անում լոկ սենատորների՞ համար, թե՞ իրական քաղաքականության մակարդակում կա այն, ինչի մասին նա հայտարարում է Կոնգրեսում:
Օրինակ, Միացյալ Նահանգները ողջունեց Հայաստանի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որը փաստացի Հայաստանում սկիզբ դրեց բավականին մեծ ներքաղաքական աժիոտաժի, սկսվեց խորհրդարանական ընդդիմության փողոցային անհնազանդության պայքար: Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանի խոսքերի ամենաքննարկված և ամենամեծ ուշադրության ու աղմուկի արժանացած մասը վերաբերում էր կարգավիճակի նշաձողի մասին միջազգային հանրության անելիքին: Այդ համատեքստում էլ ուշադրության է արժանի ԱՄՆ ողջույնը: Երբ ողջունվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, դա նշանակում է, որ ողջույնը տարածվում է նաև այդ ելույթի ընդդիմադիր արձագանքների՞ վրա, թե՞ միայն ելույթում հնչած մոտեցումների: Պարզ ասած՝ ԱՄՆ ողջունո՞ւմ է Արցախի կարգավիճակի նշաձող չիջեցնելու վերաբերյալ հայտարարությունները, որ հաջորդում են Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե՞ ոչ: Սա էական հարց է, հասկանալու համար, թե ի՞նչ տրամաբանությամբ է հակամարտություն չվերսկսելու համար ԱՄՆ այն աշխատանքը, որի մասին կոնգրեսականների հետ հանդիպմանը խոսել է պետքարտուղար Բլինքենը: Այդ ջանքը միայն Հայաստանի՞ց է ակնկալում որևէ «իջեցում», թե՞ նաև Բաքվից: Որովհետև, գոնե առերևույթ, Բաքուն կարծես թե չի էլ պատրաստվում «իջեցնել» որևէ բան:
Պետքարտուղար Բլինքենն օրերս Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անընդունելի է համարում միակողմանի գործողությունները, մասնավորապես Ադրբեջանի, որոնք կարող են բերել լարվածության: Ողջունելի է, սակայն միակողմանի գործողությունները համարելով անընդունելի, Վաշինգտոնը թերևս պետք է նույն կերպ անընդունեկի դիտարկի նաև որևէ «նշաձող իջեցնելու» միակողմանի մոտեցումները: Հետևաբար, ըստ պետքարտուղար Բլինքենի, իսկ ի՞նչ նշաձող պետք է իջեցնի Ադրբեջանը և այդ առնչությամբ ի՞նչ աշխատանք է տանում Վաշինգտոնը Բաքվի հետ:
Բանն այն է, որ այդ, և դրանից ածանցվող որոշակի այլ հարցերի պատասխաններից միայն առավել պարզ կդառնա, թե Բաքվի ու Երևանի ուղղությամբ Վաշինգտոնի աշխատանքը որքանով է միտված հավասարակշռված և կայուն խաղաղության, և որքանով է միտված ընդամենը Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած խնդիրներն այստեղ սպասարկելուն, ինչի հարցում հայ-ադրբեջանական խնդիրը գործնականում ընկալվում է իբրև «հունցման ենթակա խմոր», որը ռազմավարական համատեքստում կարող է նաև շատ «ջուր քաշել»: