Թուրքական Hurjet գրոհային ինքնաթիռն ավելի կատարելագործված բնութագրեր ունի, քան հնգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետի տեղակալ Սերդար Դեմիրելը, փոխանցում է Star-ը։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Hurjet-ի արտադրության մեջ օգտագործվող որոշ տեխնոլոգիաներ ավելի առաջադեմ են, քան F-35-ում օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաները։ Ազդարարվել է, որ թուրքական գրոհային ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի կունենա 2023 թվականին։
Ինչպես նշել է պաշտոնյան, Թուրքիան ներկայումս այն 15 պետությունների թվում է, որոնք ի վիճակի են սեփական ինքնաթիռներ ստեղծել։ Դեմիրելի խոսքով, Թուրքիան ներկայումս աշխարհում առաջատարն է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ինչպես նաեւ ներառված է սեփական հրթիռներ ստեղծելու ունակ երկրների սահմանափակ ցանկում։