Օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց նրա անձնական ներդրումը պաշտոնավարման ութ տարիների ընթացքում մեր երկու երկրների միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման գործում եւ համոզմունք հայտնեց, որ մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը, քանզի այն խարսխված է բազմաթիվ ընդհանրությունների ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթների վրա:
Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց 2010թ ապրիլին Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված անկեղծ վերաբերմունքի եւ ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված Լիբանանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Դեսպան Ջեբրաիլ Ժեարան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ արդյունավետ համարեց Հայաստանում իր անցկացրած ժամանակահատվածը: Կարեւորելով երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա սերտ կապերը` նա նշեց, որ ՀՀ ԱԺ նախագահի` Լիբանան կատարած այցը դրական հետք է թողել երկկողմ հարաբերությունների վրա:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նրա հետագա գործունեության մեջ:











































